Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի աշնանային համերգաշարը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ից մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի աշնանային համերգաշարը: Փառատոնի շրջանակում տեղի կունենա 4 համերգ:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 19-ին տեղի կունենա փառատոնի բացման համերգը. կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային-նվագախմբային ստեղծագործություններ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան): Հատկանշական է, որ փառատոնին ներկայացված գրեթե բոլոր ստեղծագործությունները հնչում են առաջին անգամ: Այս համերգի շրջանակում տեղի կունենան Արամ Սաթյանի «Խաղեր», Մարտին Ուլիխանյանի «Հարց», Կարեն Անանյանի «Point of no return» և Տիգրան Համբարյանի «Անմահություն» ստեղծագործությունների պրեմիերաները: Երեկոյի ընթացքում կհնչի նաև երկու մաս Դավիթ Հալաջյանի «Music in the shade» ստեղծագործությունից: Որպես մենակատար հանդես կգան Վիկտորյա Ուլիխանյանը և Կարեն Անանյանը:
Նշենք, որ փառատոնի մյուս համերգները կկայանան հոկտեմբերի 9-ին և 23-ին Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում, հոկտեմբերի 31-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:
Կներկայացվի Սոֆա Ազնաուրյանի «Հույս» մոնոօպերան, այնուհետև «Նովա» երգչախումբը՝ խմբավար Կարեն Ամիր Լաթիֆիի ղեկավարությամբ, կհնչեցնի հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ:
Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) կհնչեն Գևորգ Հովհաննիսյանի, Նարինե Զարիֆյանի, Աշոտ Բաբայանի, Նուբար Ասլանյանի, Դավիթ Բալասանյանի և Գայանե Կեսոյանի ստեղծագործությունները:
Տեղեկացնենք, որ փառատոնի բոլոր համերգների մուտքն ազատ է. սկիզբը՝ ժամը 19:00-ին:
Կարծիքներ