Շիրակի մարզի ՄԿՈՒ 4 հաստատություններ ունեն նորացված մոդուլներ և կահավորված դասասենյակներ
Տեղի է ունեցել «Անցում՝ կրթությունից աշխատաշուկա» ծրագրի համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են երկամյա ծրագրի արդյունքներն ու համագործակցության շրջանակները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շիրակի մարզի՝ մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների ղեկավարներ, կրթական և բիզնես կառույցների գործընկեր ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
«Կրթությունից դեպի աշխատաշուկա բարեհաջող անցման նպատակով հանրային-մասնավոր համագործակցություն՝ Շիրակի մարզում» («Անցում՝ կրթությունից աշխատաշուկա») ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Մարդը՝ կարիքի մեջ» ՀԿ-ն: Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի միջև կապն ամրապնդելով:
Շիրակի մարզի Ամասիայի, Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարաններում, Արթիկի պետական քոլեջում ու Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում ներդրվել ու փորձարկվել են ՄԿՈՒ-մասնավոր հատված համագործակցության նոր մեխանիզմներ և աշխատանքի վրա հիմնված ուսուցման մասնագիտական ու կարճաժամկետ դասընթացներ՝ տեքստիլ և գյուղատնտեսության ոլորտների ուղղությամբ: Ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար կահավորվել են հատուկ դասասենյակներ ու լաբորատորիաներ, վերապատրաստվել է դասախոսական կազմը:
ԵՄ ներկայացուցիչ Ֆրանկ Հեսսը ծրագրի լավ հատկանիշներից մատնանշել է ձեռներեցության հմտությունների ձեռքբերումը: Ըստ նրա՝ ծրագրի ավարտից հետո համարժեք աշխատանք չգտնելու դեպքում շահառուները կարող են հանդես գալ սեփական նախաձեռնությամբ:
Աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության արդյունքում Շիրակի մարզի նշյալ 4 ուսհաստատություններում ձևավորվել և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորվել են 8 կարճաժամկետ և 4 երկարաժամկետ ուսումնական ծրագրեր։ Ներդրված կարճաժամկետ դասընթացներին ընդգրկված է շուրջ 130 մասնակից. նրանցից տասն արդեն աշխատում է, իսկ ևս 8-ը ԵՄ-ի ֆինանսավորմամբ վճարովի փորձաշրջան է անցնում՝ ըստ գործատուների հետ ձեռք բերված համագործակցության պայմանավորվածության:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց ու կառույցներին, որոնց աշխատանքի և աջակցության շնորհիվ հնարավոր եղավ ծրագիրը կյանքի կոչել, և նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու գործընթացին և խորացնելու արդյունքները:
«ՄԿՈՒ ոլորտը մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է, և ոլորտի դրական առաջընթացն էապես նպաստելու է մեր հասարակության և տնտեսության զարգացմանը: Խիստ կարևորում ենք ՄԿՈՒ ոլորտում մասնավորի հետ կապերի սերտացումը, ինչը նպաստում է ուսհաստատությունների կարողությունների բարելավմանը»,- ասել է փոխնախարարը՝ ընդգծելով թվային տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները հեռավար ուսուցում կազմակերպելու համար:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որը համակարգային, իրավական կարգավորում կմտցնի ուսհաստատությունների աշխատանքի կազմակերպման մեջ: Նա շնորհավորել է կողմերին, հաջողություն մաղթել և հույս հայտնել, որ ծրագրի մասնակիցները ձեռք բերված փորձն ու կարողությունները կփոխանցեն նաև մյուս գործընկերներին:
Միջոցառման ընթացքում «Մարդը՝ կարիքի մեջ» ՀԿ-ի և ծրագրի մասնակից ՄԿՈՒ հաստատությունների միջև ստորագրվել է նվիրատվության հուշագիր:
Նշենք, որ ծրագրի շրջանակում ՄԿՈՒ հաստատությունների համար ստեղծվել է ուղեցույց-ձեռնարկ՝ աշխատաշուկայի կարիքների հետազոտման և արդյունավետ հաղորդակցման համար:
Կարծիքներ