Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպում-քննարկում է ունեցել Կանադայի խորհրդարանականների հետ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, որպես հիմնական խոսնակ, մասնակցել է Կանադայի խորհրդարանի «Կանադա-Արցախ» ու «Կանադա-Հայաստան» բարեկամության խմբերի և Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպված առցանց հանդիպում-քննարկմանը:
Պաշտպանը խորհրդարանականներին է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերը, Ադրբեջանի զինված ուժերի և ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված ռազմական հանցագործությունները և հայ գերիների ու զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորումները: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Կանադան պետք է գործնական քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ու Թուրքիայի հանցավոր վարքի պատժման ու նոր հանցագործությունների կանխման ուղղությամբ՝ որպես դրական օրինակ նշելով կոնկրետ զինատեսակների պահեստամասերի վաճառքի արգելքի կիրառումը:
Հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել Արցախում առկա հումանիտար իրավիճակին, տեղահանված և անօթևան անձանց կարիքներին, հայ գերիների վերադարձին և զոհվածների մարմինների փոխանակմանը վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպմանը ելույթ են ունեցել նաև «Կանադա-Արցախ» բարեկամության խմբի ղեկավար Ռեյչըլ Հարդերը, «Կանադա-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Բրայան Մեյը և Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը՝ ընդգծելով Արցախի ժողովրդի իրավունքների լրիվ ու արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը:
Կարծիքներ