Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Լեհաստանի դեսպանն անդրադարձել են Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին

Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Լեհաստանի դեսպանն անդրադարձել են Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանի նորամուտը Հայաստան՝ մաղթելով արգասաբեր գործունեություն: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Լեհաստանի խորհրդարանների ակտիվ փոխգործակցությունը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ ամսին Լեհաստան կատարած իր պաշտոնական այցին՝ այն գնահատելով արդյունավետ և կարևոր: Խոսելով օրենսդիրների միջև փոխգործակցությունից՝ անհրաժեշտ է համարվել ամրապնդել խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությունը միջազգային հարթակներում, մասնավորապես, միմյանց համար զգայուն հարցերում:

Հանդիպմանը կարևորվել է Լեհաստանի հայ համայնքի դերն ու նշանակությունը:

Քննարկվել են տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ անվտանգային մարտահրավերները, Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքները, ինչպես նաև անդրադարձ է եղել Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին և զինուժի կողմից շարունակական ռազմական սադրանքներին: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն անչափ կարևորել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում