Արցախում կարանտինի պայմանների մեղմացման հարցով առաջիկայում նոր որոշում կկայացվի

Արցախում կարանտինի պայմանների մեղմացման հարցով առաջիկայում նոր որոշում կկայացվի

Դեկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին, այցելել ենք ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ և հանդիպել բուժանձնակազմի հետ:
Հանդիպման առիթը աշխատակիցների մտահոգություններն էին՝ պայմանավորված կորոնավիրուսի պատվաստման և, ընդհանրապես, կարանտինի գործող պայմանների ու դրանց պահպանման հետ, գրել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

«Պետական նախարարը կարևորել է, որ կարանտինի պայմանների մեղմացման հարցը, հաշվի առնելով հատկապես համավարակի լարվածության առկա նվազումը, լրացուցիչ քննարկումների փուլ է անցնում, և առաջիկայում նոր որոշում կկայացվի:

Հանդես եմ եկել ելույթով և պատասխանել բուժանձնակազմին հուզող հարցերին՝ ընդգծելով հանրային առողջության պահպանման գործում բուժաշխատողների ոչ միայն մասնագիտական, այլ նաև իրազեկման կարևոր դերակատարությունը: Անհրաժեշտ է լուրջ բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում, որպեսզի մարդիկ ինքնակամ անցնեն պատվաստման ամբողջական կուրսը և փրկեն կյանքեր:
Կենտրոնի անձնակազմի հետ քննարկել ենք նաև ծննդատան շենքային ու նյութական ապահովվածությանն առնչվող որոշ հարցեր՝ տեղեկացնելով, որ անձնակազմը կյանք պարգևելու իր առաքելությունը շուտով իրականացնելու է լայն հնարավորություններով ժամանակակից ծննդատան նոր շենքում»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում