Հայտնի են Գյումրիի Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման մրցույթի հաղթողները

Հայտնի են Գյումրիի Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման մրցույթի հաղթողները

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը ներկայացնում է Գյումրիի Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթի հաղթողներին:

Ինչպես հայտնեցին IDeA հիմնադրամ, Հանրային կապերի բաժնից.

Երկրորդ փուլի արդյունքներով` ներկայացված 19 նախագծերից ժյուրիի անդամներն ընտրել են հաղթողներին 3 անվանակարգում:    

IND Architects մոսկովյան բյուրոն հաղթել է միաժամանակ երկու անվանակարգում՝ «Ստանդարտ ճարտարապետական տարրեր» և «Յուրօրինակ ճարտարապետական տարր»:

Վերնիսաժի տաղավարների դիզայնը մշակելիս, ճարտարապետներն օգտագործել են հայկական ավանդական ճարտարապետությունում առկա զիգզագաձև տարրերը: Ներկայացված մոդուլները կարող են ձևափոխվել. գծայինը՝ ցուցահանդեսների և տոնավաճառների համար, ալիքաձևը՝ հանրային սննդի տարածքի համար, շրջանաձևը՝ նույն արհեստն ունեցող վարպետների թեմատիկ միավորման համար: Տաղավարների բազամազանությունը իրագործելի է ձևափոխվող փայտե կոնստրուկցիաների և ձգվող հովանիների շնորհիվ, որոնք իրենց նախշերով հիշեցնում են հայկական նրբաճաշակ գորգ: Վերնիսաժը նախատեսված է շուրջամյա գործածության համար:    

Այգեգործության դպրոցի տաղավարի կոնցեպցիան ոգեշնչված է քաղաքի արհեստագործության պատմությամբ և արտացոլում է ազգային արվեստների յուրահատկությունը: Մետաղական պրոֆիլներից կազմված ներքին կարկասը ստեղծված է օրթոգոնալ ցանցի հիման վրա, որը թույլ է տալիս տաղավարը դարձնել մոդուլային: Շարժական միջնապատերը կարող են ձևափոխել ինտերիերի տարածքը՝ ըստ միջոցառման անհրաժեշտ ձևաչափի. տոնավաճառ, վերնիսաժ, դասընթացներ, վարպետության դասեր, ազատ ժամանցի ապահովում: Տաղավարի տանիքը կծածկվի կանաչապատ տարածքով:

«Փոքր ճարտարապետական ձևեր» անվանակարգում  հաղթել է SULIMAN, RAKOVSKAYA & SOFOYAN Հայաստանից և Ռուսաստանից համատեղ ներկայացված կոնսորցիումը: Այգու նստարանների դիզայնը մշակելիս ճարտարապետները ձգտել են գտնել առասպել և ներկայացնել Հայաստանի մշակութային ծածկագիրը: Փայտն ու կարծր քարը միաձուլվում են այնպես, որպեսզի փայտն ամբողջությամբ և հավասարապես բոլոր կողմերից կարողանա շնչել: Քարե հարթ մակերեսներին հնարավոր է զետեղել գեղարվեստական կամ տեղեկատվական գրաֆիկական հարթաքանդակներ, որոնք մարդկանց կպատմեն տեղանքի մասին: Նստարանի երկարությունը կարող է փոփոխվել կախված համատեքստից՝ հավաքվելով գծային և խմբային կոմպոզիցիաներով: 

Մրցույթը մաս է կազմում այգու համալիր զարգացման նախագծի՝ արտացոլելով քաղաքի ինքնատիպությունն ու միջազգային փոխօգնության գաղափարը: Մրցույթին ընդհանուր գրանցվել էր 84 հայտ 16 երկրից և 37 քաղաքից: Ակտիվ մասնակցություն էին ունեցել նաև լոկալ ճարտարապետները, որոնց թվում՝ երկու համագործակցություն:    

Հաղթողների ընտրությունն իրականացվել է մասնագիտական ժյուրիի առցանց քվեարկության միջոցով: Մասնակիցների գնահատման չափորոշիչներն են եղել աշխատանքների համապատասխանությունը նախագծման սկզբունքներին՝ Ֆունկցիոնալությունը, էկոլոգիականությունը, էրգոնոմիկությունը, իրագործման իրատեսականությունը: Հաշվի է առնվել նաև առաջարկի համապատասխանությունը տեխնիկական առաջադրանքին, ճարտարապետական տեսքը, իրագործման ընդհանուր արժեքը և տեղի ինքնության արտահայտման լուծումները, մասնավորապես՝ ժամանակակից լուծումների համադրումը Հայաստանի մշակութային համատեքստում:

Մասնագիտական ժյուրիի կազմում  էին «Ատլաս» խորհրդատվական բյուրոյի գլխավոր տնօրեն Ալեքսանդրա Սիտնիկովան, ճարտարապետ և հետազոտող Անդրեյ Իվանովը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, Karres en Brands ճարտարապետական բյուրոյի գործընկեր Դարիուս Ռեզնեկը, Openfabric լանդշաֆտային բյուրոյի համահիմնադիր Ֆրանչեսկո Գարոֆալոն, OFFCON բյուրոյի գլխավոր ճարտարապետ և գործընկեր Ֆյոդոր Ռաշևսկին, Glaßer und Dagenbach GBR բյուրոյի համահիմնադիր և լանդշաֆտային ճարտարապետ Ուդո Դագենբախը, ՀՀ Շիրակի մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանը, Թաթարստանի Հանրապետության նախագահի օգնական Նատալիա Ֆիշման Բեկմամբետովան և  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Գործառնությունների տնօրեն Ելենա Աբովյանը:

«Կյանքը շարունակվում է, և չնայած այն ամենին, ինչ կատարվեց, մենք կկառուցենք նոր Հայաստան մեր երեխաների համար: Վերականգնված և վերաիմաստավորված Բարեկամության այգին կդառնա մի յուրօրինակ հանրային վայր, որը կխթանի զբոսաշրջությունն ու կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները: Այս առումով միջազգային մրցույթն հնարավորություն ընձեռեց երիտասարդ, տաղանդավոր ճարտարապետներին իրենց ներդրումն ունենալ հարուստ պատմությամբ, մշակույթով և ավանդույթներով հայտնի Գյումրի քաղաքում: Հաղթողները կդառնան քաղաքի նոր, ժամանակակից հանրային տարածքի համահեղինակներ: Մեզ համար չափազանց կարևոր է, որ գյումրեցիներն ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում այգու կոնցեպտուալ նախագծման փուլում և կարևորում են միջազգային մրցույթի անցկացումը, որը նոր փորձ ձևավորելուց բացի, արտացոլում է զբոսայգու հիմնական գաղափարը՝ բարեկամության խորհուրդը: Այս նախագիծը միավորել է բազմաթիվ մարդկանց և իրապես դառնալու է բարեկամության ու երախտագիտության այգի»,- ասում է IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: 

«Փոքր ճարտարապետական ձևերն իրենց նշանակությամբ տեղակապված չեն տարածքի հետ: Դա լեզու է, որով քաղաքը խոսում է իր բնակիչների և հյուրերի հետ: Այն երկրի արդիականության աստիճանի ունիվերսալ չափանիշ է՝ զարգացած, հանրային, քաղաքային կյանք, որը կարիք ունի որակյալ տարածքների, այդ թվում՝ փոքր ճարտարապետական ձևերով»,-ասում է OFFCON բյուրոյի գլխավոր ճարտարապետ եւ գործընկեր Ֆյոդոր Ռաշևսկին:  

«Հիմնական չափորոշիչները, որոնցով ես առաջնորդվել եմ ընտրություն կատարելիս, հետևյալն են՝ առաջարկի կրեատիվություն և կոմպոզիցիայի որակ: Գաղափարները շատ ոգեշնչող են և յուրօրինակ, հրաշալի կլինի տեսնել դրանց իրականացումը: Փոքր ճարտարապետական ձևերը հետաքրքիր են լայն իմաստով: Իրենց մասշտաբների շնորհիվ, դրանց հնարավոր է իրականացնել սահմանափակ բյուջեով»,- ասում է Openfabric լանդշաֆտային բյուրոյի համահիմնադիր Ֆրանչեսկո Գարոֆալոն:

«Մասնակիցների աշխատանքներում ինձ հետաքրքիր էր տեսնել, թե որքան հաջող են նրանք ներկայացրել Հայաստանի մշակութային յուրահատկությունը և տեղի ինքնությունը ժամանակակից ճարատարպետական լուծումներում: Շատ հաճախ այգու առանձին տարրերն ավելի կարևոր են, քան այգու դիզայնի ցանկացած այլ ասպեկտ, և մրցույթը դրանց ձևավորման պատասխանատվությունը ստանձնելու յուրահատուկ հնարավորություն  էր» ,- ասում է Karres en Brands ճարտարապետական բյուրոյի գործընկեր Դարիուս Ռեզնեկը:

Այգին տեղակայված է քաղաքի հյուսիսային հատվածում՝ պատմական, բնակելի և արդյունաբերական թաղամասերի միջև: Քաղաքի կենտրոնական փողոցը միացնում է Գյումրիի բոլոր գլխավոր տեսարժան վայրերն ու հանրային տարածքները: Վերականգնված այգին կդառնա առաջին ժամանակակից կանաչ տարածքը տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար ավելի հայտնի դարձող Գյումրի քաղաքի այդ հատվածում:

IDeA հիմնադրամ

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը մասնավոր, շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որն իրականացնում է երկարաժամկետ ծրագրեր՝ ուղղված Հայաստանի կայուն զարգացմանը: Պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, անհատ ներդրողների և բարերաների, ինչպես նաև տեղի համայնքների հետ համագործակցությամբ իրականացված IDeA հիմնադրամի ծրագրերն ունեն սոցիալ-տնտեսական դրական ազդեցություն Հայաստանի համար: Զարգացման տեսլականի հիմնական տարրերն են՝ բարգավաճումը, հարմոնիկ սոցիալական միջավայրը, մշակութային զարգացումն ու ազգային ինքնության պահպանումը: Հիմնադրամի «Գյումրիի զարգացում» ծրագիրն ունի հատուկ ռազմավարական նշանակություն տուրիզմի և քաղաքային զարգացման համար: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում