ԵՄ-ն 1 մլրդ եվրո կհատկացնի գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար
Եվրամիությունը 1 մլրդ եվրո կներդնի կլիմայի գլոբալ տաքացման դեմ պայքարի համար նորարարական տեխնոլոգիաների մշակման գործում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին, որի ժամանակ նա ներկայացրել է կանաչ տեխնոլոգիաներում ներդրումների վերաբերյալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի նախաձեռնությունը: Նա նաև նշել է, որ մինչև 2030-ը Եվրամիությունը մտադիր է զրոյացնել Եվրոպայի առնվազն 100 քաղաքներում ածխածնային արտանետումները:
«Ես ուրախ եմ հայտնել, որ ԵՄ-ն այս նախաձեռնության մեջ 1 մլրդ եվրո կներդնի»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Ֆոն դեր Լյայենն ընդգծել է, որ այս նախաձեռնությունն ուղղված կլինի այն տեխնոլոգիաների մշակմանը մասնավոր ներդրումների առավել լայն ներգրավմանը, որոնք կնպաստեն գլոբալ տաքացման դեմ պայքարին:
«ԵՄ-ն նպատակամղված է կոնկրետ արդյունքների։ Մենք մտադիր ենք մինչև 2030 թվականը կլիմայական չեզոքություն ապահովել Եվրոպայի առնվազն 100 քաղաքներում», - հավելել է ֆոն դեր Լյայենը։ Նա ընդգծել է, որ այս նախագիծն իրականացվելու է «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe) նորարարությունների աջակցության եվրոպական ծրագրի շրջանակներում:
Կարծիքներ