Արցախում ի թիվս մյուս դպրոցների՝ վերաբացվել են նաև Շուշիի շրջանի որոշ կրթօջախներ
Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում արդեն կանոնավոր գործում են հանրակրթական դպրոցական հաստատությունները: Այս մասին տեղեկացրեց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
«Պատերազմական գործողությունների հետևանքով կորցրել ենք 107 դպրոց, որտեղ աշխատում էին 1764 ուսուցիչ, սովորում՝ 8155 աշակերտ: Արցախի տարածքում գտնվող բնակավայրերում այժմ առկա է 110 դպրոց: Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանների և Ստեփանակերտի դպրոցներում սովորում է շուրջ 1700 աշակերտ: Սահմանային լինելու պատճառով՝ չեն գործում միայն Մարտունու Թաղավարդ, Կալեր համայնքների և Ասկերանի Սզնեք գյուղի կրթօջախները:Մասնավորապես՝ Սզնեքի դպրոցը, սահմանից մոտ 120 մետր հեռավորության վրա է գտնվում: Շուշիի շրջանի՝ Արցախի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից, դպրոցներ են գործում Հին շենում ու Եղցահողում, իսկ Մեծ շենի կրթօջախն առայժմ չի գործում՝ աշակերտ չլինելու պատճառով: Լիսագորում այժմ 2 աշակերտ կա և ըստ դպրոցի տնօրենի՝ առաջիկայում դպրոցականների թիվն աճելու է, և այստեղ ևս կրթօջախը կգործի: Քաշաթաղի շրջանում գործում է միայն Աղավնոյի դպրոցը, որտեղ ժամանակավորապես կարող են հաճախել նաև Ներքին Սուսի փոքրաթիվ աշակերտները: Որքանով տեղյակ եմ Բերձորում նույնպես դպրոցական երեխաներ կան: Նրանք առայժմ ավտոմեքենաներով կհաճախեն Աղավնոյի դպրոց, մինչև որոշվի Բերձորի կարգավիճակի հարցը»,-մանրամասնեց փոխնախարարը:
Կարծիքներ