Հոլիվուդյան աստղ Վան Դամը դիմել է Պուտինին՝ խաղաղության դեսպան դառնալու առաջարկով

Բելգիական ծագումով ամերիկացի դերասան Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և հայտարարել, որ ցանկանում է ժամանել Ռուսաստան և դառնալ խաղաղության դեսպան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վան Դամի ուղերձով տեսանյութն ապրիլի 16-ին իր Telegram ալիքում հրապարակել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոն։
«Բարև ձեզ, պարոն Վլադիմիր Պուտին.... Մենք ցանկանում ենք գալ Ռուսաստան: Մենք կփորձենք ամեն ինչ անել այնպես, ինչպես դուք եք ցանկանում, որպեսզի դառնանք խաղաղության դեսպաններ: Ես կցանկանայի այդ դեսպանը լինել: Ինձ համար մեծ պատիվ կլինի այդ տիտղոսն ունենալ», - հայտարարել է դերասանը:
Նա հիշեցրել է Սոչիում մարտեր առանց կանոնների Եվրոպայի բաց առաջնությունում իր և Պուտինի հանդիպման մասին։
Դերասանն ասել է, որ շուտով կլինի Ռուսաստանում, եթե Պուտինը դա ցանկանում է։
«Եկեք անենք դա՝ խաղաղության դեսպան։ Մենք չենք խոսի քաղաքականության մասին. միայն խաղաղության, սպորտի և երջանկության մասին», - ասել է դերասանը՝ համբույրներ ուղարկելով Ռուսաստանին և Պուտինին։
Տեսանյութում նաև ներկա է մի տղամարդ, որի վերաբերյալ մի շարք զանգվածային լրատվամիջոցներ նշել են, որ նա ուկրաինացի գործարար և նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն է:
Կարծիքներ