Հրավառություններ կթույլատրվի իրականացնել միայն տոնական օրերին, մնացած բոլոր դեպքերում այն կարգելվի

Հրավառություններ կթույլատրվի իրականացնել միայն տոնական օրերին, մնացած բոլոր դեպքերում այն կարգելվի

Բենգալյան կրակների և նմանատիպ հրավառ նյութերի առևտուրը և կիրառումը լիցենզավորում չեն պահանջի, սակայն հրավառ նյութերի բոլոր արտադրատեսակների և՛ ներմուծումը, և՛ արտադրությունը, և՛ պահեստավորումը լինելու է լիցենզավորման դաշտում։ Օրենքի նախագիծը շուրջ երկու տարի առաջ մշակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և այդ ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նախագիծն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ որոշակի լրամշակելուց հետո նոյեմբերի 23-ին  շրջանառության մեջ է դրել Սիսակ Գաբրիելյանը:

Սիսակ Գաբրիելյան

Zarkerak.am-ի հետ զրույցում պատգամավորը ներկայացրեց նախագծի մանրամասները. «Եթե նախագիծն այս տեսքով ընդունվի, ապա  կդասակարգվեն հրավառության տեսակները: Դրանք պայմանական հինգ խմբի են բաժանվում, որոնք նաև սահմանված են ԵԱՏՄ կոնոնակարգով. առաջին երեք դասի մեջ մտնող հրավառությունները կենցաղային բնույթի հրավառություններն են՝ բենգալյան կրակներ, տորթի վրա դրվող փոքրիկ հրավառությունները կամ հարսանեկան և ծննդյան արարողությունների ժամանակ դահլիճում կիրառվող հրավառությունները: Այսինքն՝ այդ կենցաղային հրավառությունները փաստացի կշարունակեն գործել ավելի փոքր խստացված պայմաններով, դրանց պահման վայրի, պայմանների և նաև ներկրողների նկատմամբ որոշակի վերահսկողություն կսահմանվի:Ներկրում իրականացնող ընկերությունները նույնպես  կլիցենզավորվեն, նրանց պահեստները, պահման պայմանները կրկին կկանոնակարգվի և բնականաբար համապատասխան կառույցը կվերահսկի դրանց կատարման ընթացքը: Արդեն 4-րդ և 5-րդ դասի հրավառություններն այն հրագործական արտադրատեսակներն են, որոնք դրսում կիրառվող հրավառություններն են, սրանց նկատմամբ, ըստ էության, ավելի խիստ պայմաններ են սահմանվելու և փաստացի կարելի է արձանագրել, որ դրանց ներկրումը, վաճառքը և կիրառումը արգելվելու է»:

Ըստ Գաբրիելյանի՝ հրավառություն փաստացի կթույլատրվի իրականացնել միայն տոնական օրերին, որը սահմանված է «Տոների և հիշատակի մասին» օրենքով և նաև բացառիկ դեպքերում. «Օրինակ՝ վերջերս Հանրապետության հրապարակում տեսանք տոնական միջոցառում Եվրատեսիլի հետ համատեղված, որի ժամանակ հրավառություն եղավ, այսինքն սա փաստացի վերը նշված օրենքով սահմանված չէր, բաց հատուկ միջոցառում էր՝ Կառավարության կողմից թույլատրված: Նմանատիպ իրավիճակներում կրկին Կառավարության կամ համայնքների ղեկավարի որոշմամբ կթույլատրվի իրականացնել հրավառություն, մյուս բոլոր դեպքերում արգելվելու է հրավառությունների իրականացումը»:

Մեր այն հարցին, թե արդյոք հնարավոր են դեպքեր, որ օրինակ համայնքի ղեկավարները քաղաքացիներին բացառիկ դեպքերում թույլատրեն իրականացնել հրավառություններ, Գաբրիելյանն ասաց. «Մենք գրեթե բացառում ենք այն տարբերակը, որ որևէ համայնքի ղեկավար որևէ անձի համար նման որոշում կկայացնի»:

Անդրադառնալով հրավառությունների անցկացման թույլատրելի վայրերին և ժամանակահատվածին՝ Սիսակ Գաբրիելյանն ընդգծեց, որ դա ևս որոշելու են Կառավարությունն ու համայնքները. «Համանքներն արդեն իսկ կսահմանեն այն վայրերը, որտեղ հնարավորություն կլինի իրականացնել հրավառություն: Բոլորովին վերջերս Երևանի ավագանին այդպիսի որոշում սահմանեց, որ հրավառություններ կարող են իրականացվել բացառապես Հանրապետության հրապարակում կամ Ազատության հրապարակում, կրկին չբացառելով մյուս տարբերակը, որ օրինակ պայմանականորեն կարող է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կրկին միջոցառում լինի և ավագանին հատուկ որոշմամբ թույլատրի այդ հատվածում էլ իրականացնել հրավառություն: Ժամերի հետ կապված արգելքը միշտ է սահմանված էր 23:00-ն, այս մասում փոփոխություններ չկան: Մի շարք այլ պայմաններ էլ կսահմանվեն, այսինքն՝ օրենքը լիազորելու է Կառավարությանը կամ համայնքներին սահմանել իրենց համայնքին հատուկ պայմաններ, կարող են ժամային սահմանափակումներն էլ առանձին գործել»:

Նախագծի կարևոր կետերից մեկն այն է, որ հրագործական նյութեր ներկրողներն ու վաճառողները պետք է լիցենզավորված կազմակերպություններ լինեն. «Նման գործունեություն իրականացնող կազմակերպությունները պետք է մի շարք չափանիշների համապատասխանեն: Իհարկե այսօր էլ կան լիցենզավորված կազմակերպություններ, որոնք համապատասխանում են օրենքով սահմանված չափանիշներին: Հիմա լիցենզավորման մասով էական փոփոխություն չի լինի: Ներկրող ընկերությունների համար էլ ԱԻՆ-ի կամ Կառավարության մակարդակով լրացուցիչ վերահսկողության մեխանիզմներ կսահմանվեն, օրինակ թե ներկրվող պահեստներն ինչ հակահրդեհային համակարգ պետք է ունենան, ինչ պայմաններում պետք է այդ նյութերը պահվեն և այլն»:

Գաբրիելյանը դժվարանում է ասել՝ 100-տոկոսանոց արդյունք կլինի, թե՝ ոչ, բայց նաև չի բացառում, որ նախագծի ընդունվելուց հետո 90 և ավել տոկոսով կնվազեցվեն  հրավառությունների հետ կապված այն դեպքերը, որոնք մտահոգում են հանրությանը:

Խոսելով օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այն շրջանցելու և ապօրինի գործունեություն իրականացնելու դեպքերում տուգանքների չափերի մասին՝ Սիսակ Գաբրիելյանն ընդգծեց. «Եթե հիմա տուգանքները 50 հազար, 250 հազար են, մենք նախատեսում  ենք դրանք դարձնել 1.5-2 միլիոն դրամ, բայց նորից եմ ասում, սա էլ չի կարող բացառել, որ որևէ մեկը նորից կփորձի ապօրինի հրագործական նյութեր ներկրել և վաճառել»:

Անդրադառնալով տնտեսվարողների կողմից հնարավոր դժգոհություններին՝ պատգամավորը նշեց, որ միանշանակ այն կա. «Այո, ցավոք սրտի կարող են որոշ տնտեսվարողների կողմից դժգոհություններ լինել, բայց իմ կարծիքով այդ դժգոհությունները համադրելի չեն այսօրվա մեր հասարակության կողմից բարձրացրած դժգոհություններին, որոնք, իմ կարծիքով, ավելի արդարացի են: Կարծում եմ՝ մի քանի հարյուր հազար քաղաքացի կողջունի այս նախագիծը, որովհետև շաբաթը մեկ-երկու անգամ նրանք առնչվում են գիշերային ուշ ժամերի հրավառությունների: Մենք փորձել ենք որոշակի հնարավորություն նաև թողնել տնտեսվարողներին, եթե օրենքն ընդունվի, ապա նրանց կտրվի առնվազն կես տարի ժամանակ, որ եթե ներկրած ապրանք ունեն՝ իրացնեն, և նաև հնարավորություն է տրվում, որ տոնական և հատուկ նշանակության օրերին կարող են վաճառել իրենց հրագործական նյութերը:Պետական կառավարումն այդպիսինն է, պետք է դու համադրելի դարձնես մի կողմի դժգոհությունը և փորձես գտնել խելամիտ լուծումներ»:

Թե ինչպես է վերահսկողությունն իրականացվելու, մեր զրուցակիցն ասաց, որ դա վերապահված է մի քանի կառույցին. «Եթե օրինակ հայտնաբերվում է հրավառության ապօրինի շրջանառության դեպք, այս մասով վերահսկողություն իրականացնում են իրավապահ մարմինները, եթե խախտվում են պահեստի պայմանները և այլն, այստեղ տեսչական մարմինն ու ԱԻՆ-ն ունեն անելիք»:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ եթե ամեն ինչ սահմանված ընթացակարգով գնա, ապա ամենաօպտիմալ տարբերակով մարտին արդեն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ նախագիծը կընդունվի, որից հետո 6-ամսյա ժամկետ կտրամադրվի և արդեն 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին օրենքը փաստացի ուժի մեջ կմտնի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում