14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում

14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում

Համապետական ծառատունկի ընթացքում՝ ապրիլի 27-ին,  Հայաստանի երեք մարզում տնկվել է շուրջ 14,000 ծառ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից՝ նշելով, որ ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, թեղի, հացենի։

Ծառատունկի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներն իրականացվել են նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղերում։

Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը և այս ծառատունկը ևս մեկ քայլ էր այդ օրակարգի շրջանակում։

Ծառատունկին  մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գարնանային ծառատունկի շրջանակում «Հայանտառը» ՊՈԱԿ-ը կշարունակի ծառատնկումները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում