Կարևոր է, որ պետական գերատեսչությունները հասանելի լինեն ԶԼՄ-ների համար. փոխվարչապետ
Փետրվարի 15-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կազմակերպած «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» աշխատաժողովին: Հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետը նշել է. «Ողջունում եմ «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» խորագրով այս աշխատաժողովի անցկացումը և նրա մասնակիցներին:
Նման ֆորմատով քննարկումները կարևոր են՝ ոլորտում առկա խնդիրների ծավալը և բովանդակությունը ճիշտ գնահատելու համար: Դրանից էլ բխում է ճիշտ լուծումներ գտնելը: Ուստի կարծում եմ, որ այսօր և վաղը անցկացվող աշխատաժողովն արդյունավետ կլինի բոլոր մասնակիցների համար:
Ժամանակակից տեխնոլոգիաները կարծես ջնջել են տեղեկատվության հասանելիության սահմանները և հաճախ ունենք դեպքեր, երբ ակնհայտ կեղծիքը, կամ, որ ավելի վտանգավոր է, մանիպուլացված տեղեկատվությունը լայն տարածում է ստանում և հանրային ընկալումներում վերածվում ճշմարտության: Այս առումով չափազանց կարևոր է հավաստի տեղեկատվության առավելագույն տարածվածությունը, որի կրողները հաճախ հենց պետական մարմիններն են:
Այստեղ կարևորում եմ, որ պետական գերատեսչությունները պատշաճորեն կատարեն իրենց պարտականությունը՝ հասանելի լինեն զլմ-ների համար և չկաշկանդվեն զլմ-ների ներկայացուցիչների հետ համագործակցությունից: Կարևոր է նաև, որ տեղեկատվություն տրամադրող օղակները պատասխանատվությամբ մոտենան իրենց ուղղված հարցումներին՝ հիշելով, որ հաճախ հենց իրենց աշխատաոճով է պայմանավորված հանրային տեղեկացվածության որակն ու մակարդակը:
Ուզում եմ նշել, որ այս աշխատաժողովը, այսպիսի այլ գաղափարների նման, լիովին ողջունվում է մեր կառավարության կողմից: Մենք տեղեկատվության հավաստիության, ազատության և առավելագույն հասանելիության հարցում ամենաշահագրգռվածն ենք, ուստի պետք է ամեն ինչ անենք այս ոլորտն առնվազն անխնդիր դարձնելու համար: Շնորհակալ եմ ուշադրության համար, իսկ աշխատաժողովին մաղթում եմ հաջող ընթացք»:
Աշխատաժողովը նախատեսված է պետական կառավարման 57 մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակում: Աշխատաժողովի օրակարգում են եղել պետական կառավարման մարմինների համար տեղեկատվության ազատություն առավելությունների, տեղեկություն ստանալու բանավոր, գրավոր, էլեկտրոնային հարցումների, միասնական հարթակի, տեղեկություն տրամադրելու կարգի, մեխանիզմների (առկա և առցանց) ու ժամկետների հարցերը:
Կարծիքներ