Ֆրանսիայի իշխանությունները հրդեհից հետո կվերականգնեն Նանտի տաճարը
Ֆրանսիայի իշխանություններն իրենց վրա կվերցնեն հուլիսի 18-ին խոշոր հրդեհից հետո տուժած Նանտի Սուրբ Պետրոսի եւ Պողոսի տաճարի վերականգնման ծախսերը: Այս մասին հայտնել է երկրի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը, հայտնում է BFM հեռուստաալիքը:
«Պետությունն իր վրա կվերցնի Նանտի տաճարի վերականգնման ծախսերը»,- ասել է նախարարը: Նա հայտնել է, որ ավելի վաղ մի քանի ամիս բնակվել է Նանտում, լավ ծանոթ է այս տաճարին եւ բազմիցս երաժշտություն է լսել այն նույն հին եկեղեցական երգոհոնով, որը հիմա կրակն ամբողջությամբ ոչնչացրել է:
«Պետությունն անմիջապես արձագանքեց տեղի ունեցողին, եւ երկրի վարչապետ Ժան Կաստեքսն այլ նախարարների ուղեկցությամբ շտապ ժամանեց Նանտ: Այժմ պետությունը ցույց կտա իր մասնակցությունը՝ միջոցներ տրամադրելով տաճարի վերականգնման համար: Սա նրա համար պարտականություն է, քանի որ օրենքով հենց պետությունն է դրա տերը, այս տաճարը մեր մշակութային ժառանգության մի մասն է»,- շեշտել է նախարարը:
Սուրբ Պետրոսի եւ Պողոսի տաճարում հրդեհը բռնկվել էր հուլիսի 18-ի առավոտյան: Ավելի քան 100 հրշեջ մի քանի ժամ պայքարում էր գոթական ճարտարապետության այս հուշարձանի համար, բայց նրանց չհաջողվեց փրկել Լյուդովիկոս XII-ի ժամանակաշրջանի վիտրաժները եւ բարոկկոյի դարաշրջանի եզակի երգեհոնը: Հրդեհի տարածումը հնարավոր եղավ վերահսկողության տակ առնել բռնկումից միայն երեք ժամ անց: Ըստ ոստիկանության՝ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Կարծիքներ