Իրանի ղեկավարը խոչընդոտներ չի տեսնում Թուրքմենստանի հետ համագործակցության զարգացման համար

Իրանի ղեկավարը խոչընդոտներ չի տեսնում Թուրքմենստանի հետ համագործակցության զարգացման համար

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին կիրակի ողջունել է հարեւան Թուրքմենստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԻՌՆԱ-ին, Իրանի առաջնորդը Թեհրանում հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հատուկ բանագնաց, փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովի և արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ։

«Թեհրանը Աշխաբադի հետ համագործակցության ճանապարհին խոչընդոտներ չի տեսնում և աջակցում է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում դրա զարգացման առաջարկներին»,- ասել է Ռաիսին։

Նրա խոսքով․ «Իրանն ու Թուրքմենստանը պարզապես հարեւան երկրներ չեն, նրանց ժողովուրդները խորը մշակութային ու պատմական կապեր ունեն»։

Հունվարի 3-ին սկսվել է Թուրքմենստանի, Իրանի և Ադրբեջանի միջև գազի փոխանակման մասին եռակողմ համաձայնագրի իրականացումը։ Պայմանագրի պայմանների համաձայն՝ Թուրքմենստանից Իրանի տարածքով տարեկան 1,5-ից 2 մլրդ խմ գազ կհոսի Ադրբեջան։ Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին չորեքշաբթի ասել է, որ եռակողմ համաձայնագրի իրականացումը բարելավել է վառելիքի մատակարարումը երկրի հյուսիսարևելյան նահանգներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում