Բրիտանական «Երիտասարդ թուրքեր» պրոդյուսերական կենտրոնը փոխել է անվանումը՝ երիտթուրքերի և ցեղասպանության հետ առնչությունը հերքելու համար
«Երիտասարդ թուրքեր» պրոդյուսերական կենտրոնը (label) փոխել է իր անունը, որպեսզի այն չառնչվի Առաջին աշխարհամարտի ընթացքում Հայոց ցեղասպանության հետ, տեղեկացում է BBC-ն:
Կենտրոնի ղեկավար Կայուս Փոուսոնն ասել է, որ այն ի սկզբանե կոչվել է ռոք երաժիշտ Ռոդ Ստյուարդի երգի պատվին, որը վերաբերում է «երիտասարդության համերաշխությանը»:
Նա նշել է, որ վերանվանման որոշումը կայացվել է, երբ տեղեկացել է, որ այդ անունը շատ մարդկանց համար «վիրավորական» է:
Երիտթուրքերի ռեժիմը Օսմանյան կայսրությունը ղեկավարել է 1908 թվականից և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:
«Հայերն ասում են, որ 1915-16 թվականներին 1,5 միլիոն մարդ է սպանվել` էթնիկ բնաջնջման նպատակով: Հայերը դա համարում են ցեղասպանություն, և շատ պատմաբաններ ու կառավարություններ համաձայնել են, որ սպանությունները կազմակերպված են եղել»,- նշում է BBC-ն:
Փոուսոնը, տեղեկացրել է, որ ընկերության անվան առավել խոր ուսումնասիրությունը պարզել է, որ այն հարյուր հազարավոր մարդկանց համար վիրավորական է: Նա ասել է, որ կենտրոնն այժմ կկոչվի Young (Երիտասարդ):
«Ապրիլի 24-ը 1915 թ. Հայերի Ցեղասպանության հիշատակի օրն է: Բոլոր զոհվածների և վերապրածների հիշատակին մենք նվիրաբերություն ենք կատարել Լոնդոնի հայկական ինստիտուտին, որը մշակութային բարեգործական հիմնադրամ է և զբաղվում է ժամանակակից հայկական սփյուռքի կյանքի ուսումնասիրությամբ և ներկայացնում այն՝ իր ողջ բազմազանությամբ հանդերձ»,- գրել է Փոուսոնը՝ վերանվանված կենտրոնի Ինստագրամի էջում:
Կարծիքներ