ԼՂ-ի գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը ոճրագործությունը կանխարգելելու պատասխանատվություն ունի

ԼՂ-ի գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը ոճրագործությունը կանխարգելելու պատասխանատվություն ունի

Հունիսի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի է ունեցել «Պաշտպանելու պատասխանատվությունը և ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը» օրակարգի կետի ներքո քննարկում, որի ժամանակ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից իր իրավական պարտավորությունների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի խախտումով Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը, ինչը վտանգում է անմեղ քաղաքացիների կյանքեր՝ ի հեճուկս միջազգային հումանիտար իրավունքի։ Շեշտվել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ին՝ առաքելություն ուղարկելու Լեռնային Ղարաբաղ՝ բնակչության հումանիտար, անվտանգային և մարդու իրավունքների կացությունը գնահատելու նպատակով։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ մարդու հիմնարար իրավունքների շարունակական ոտնահարումները և միջազգային հումանիտար ներկայության մերժումը բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը։ Շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը կրում է գործողություններ ձեռնարկելու և ոճրագործությունները կանխարգելելու պատասխանատվություն։

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծել է Հայաստանի լիակատար հանձնառությունը անպատժելիությունը վերացնելու ջանքերին, ներառյալ՝ միջազգային քրեական արդարադատության մեխանիզմների միջոցով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում