Մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոնյաների համար կնախատեսվեն սոցիալական երաշխիքներ
ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է մարտական գործողություններում ընդգրկված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսել սոցիալական երաշխիքներ:
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը:
«Ըստ էության, առաջարկում ենք որոշակի սոցիալական երաշխիքներ նախատեսել որպես կամավորական և զորահավաքային զորակոչի միջոցով մարտական գործողություններում ընդգրկված պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց համար: Մասնավորապես նախատեսում ենք, որ որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական վարձատրությունը պահպանվի: Մյուս երաշխիքով նաև նախատեսում ենք, որ զորահավաքային զորակոչի և որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցած անձանց մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը ներառել կիսամյակային հաշվետվություններով և կատարողականի հիման վրա տրվող պարգևատրումների աշխատաժամանակի մեջ»,- ասաց Քալաշյանը:
Երրորդ սոցիալական երաշխիքը նույն օրենքով նախատեսված սանկցիաներն են՝ պայմանավորված կատարողականը չկատարելու հետ: Այս առումով առաջարկվում է, որ զորահավաքային զորակոչի միջոցով և որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցած անձանց՝ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում բացասական կատարողականի դեպքում չկիրառել նույն օրենքով նախատեված հիմնական աշխատավարձի կասեցման կամ իջեցման սանկցիաները:
Այս երաշխիքները տարածվելու են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած իրավարահարաբերությունների վրա:
Կարծիքներ