Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի շինաշխատանքներն ակտիվ փուլում են
Հայ-վրացական սահմանի Սադախլո Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սադախլո- Բագրատաշեն անցման կետում կառուցվող նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը նշել է, որ շինարարության մեկնարկը տրվել է 2021 թվականի մայիսին և մինչ այժմ զգալի աշխատանք է կատարվել: Ավարտված են հողային, հիմքերի փորման, հենապատերի, հենասյուների բետոնացման աշխատանքները:
«Այս պահին հորիզոնական մակերեսի բաղկացուցիչ մաս կազմող բետոնե հեծանների արտադրության գործընթացն է: Ամբողջ կամուրջը մոտ 50 հեծանից է բաղկացած, որից 16-ն արդեն արտադրված է, փետրվարին կսկսվեն դրանց տեղադրման ու միացման աշխատանքները: Նախագիծը ենթադրում է երկու կամուրջ: Յուրաքանչյուր կամուրջ ունենալու է երկու երթևեկելի գոտի: Այն արված աշխատանքները, որոնք նշեցի, երկու կամուրջներին են վերաբերում»,-ասաց Իզաբելլա Մուրադյանը:
Շինարարական փուլի համար նախատեսված է 12 ամիս: Իզաբելլա Մուրադյանի խոսքով, 2022 թվականի գարնանն ինչպես նախանշվել էր, այդպես էլ նշված ժամկետում շինարարական աշխատանքները կավարտվեն:
Կարծիքներ