Շարունակական շրջափակման դեպքում ԼՂ-ում մանկապարտեզներն օգոստոսին կդադարեցնեն գործունեությունը. նախարար
Շրջափակման պայմաններում սննդամթերքի մատակարարման և վառելիք չունենալու պատճառով մանկապարտեզների գործունեության շարունակականության հարցը խնդրահարույց է։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ԼՂ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։
«Փորձելու ենք հուլիս ամսվա ընթացքում շարունակել ապահովել նախադպրոցական հաստատությունների գործունեությունը: Եթե իրավիճակը մնա անփոփոխ, ապա ցավով պիտի նշեմ, որ, ամենայն հավանականությամբ, օգոստոսին հնարավորություն չենք ունենա ապահովելու մանկապարտեզների գործունեությունը»,- նշել է նախարարը:
Նորայր Մկրտչյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում նախապատրաստական աշխատանքները պիտի իրականացվեն ակտիվորեն, որպեսզի ձմռանը նախապատրաստվելու միջոցառումների շրջանակում կարողանան լուծել կրթօջախների ջեռուցման հարցը:
«Խնդիրներ ունենք նաև` նոր դասագրքերի ձեռքբերման հետ կապված: Փորձելու ենք մեր հնարավորություները լիարժեք օգտագործել, որպեսզի դասագրքերը և ուսումնական լաբորատորիաները Հայաստանի Հանրապետությունից տեղափոխենք: Գրենական պիտույքների ուղղությամբ ևս փորձելու ենք մեր հնարավորություններն օգտագործել` դիմելով միջազգային կառույցների, մասնավորապես՝ Կարմիր խաչին, որպեսզի գոնե առաջին դասարանցիների համար այդ հարցը լուծվի:
Խնդիրները բարդ են, բայց մենք փորձելու ենք սեպտեմբերի 1-ին լիարժեք սկսել նոր ուսումնական տարին։ Անկախ ամեն ինչից` պիտի ապահովենք մատաղ սերնդի կրթությունը, քանի որ այն բավականին կարևոր ռազմավարական ուղղություն է, և մեր պայքարում հաղթելու համար ոչ միայն ուժեք բազուկ է պետք, այլև պայծառ միտք և բավականին հարուստ գիտելիքներ»,- եզրափակել է նախարարը:
Կարծիքներ