Հանդիպել են ՀՀ ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը․ կարևորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը

Հանդիպել են ՀՀ ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը․ կարևորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը

Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունից։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների դարավոր և առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները, նաև ընդգծել է իրավապահ ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու և առավել զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը։

ՆԳ նախարարը նշել է, որ իրանական կողմի հետ համագործակցությունն իրականացվում է 2012 թվականի հուլիսի 10-ին ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի հիման վրա։ Վահե Ղազարյանն առանձնահատուկ կարևորել է սերտ գործակցությունը կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մեհդի Սոբհանիին ողջունել է ՆԳ նախարարության կազմավորումը և ոլորտում ընթացող բարեփոխումները, պատրաստակամություն է հայտնել առավել ամրապնդելու արդեն իսկ ձևավորված փոխգործակցությունը։

Հանդիպման ընթացում կողմերը քննարկել են ՆԳ նախարարության ձևավորման աշխատանքներին վերաբերող, ինչպես նաև համագործակցության ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում