ՄԻՊ-ը ՀՌՀ նախագահի հետ քննարկել է համատեղ աշխատանքը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, հանդիպման շրջանակում քննարկվել են մեդիայում ատելության խոսքի, խտրականության, բռնության քարոզի դեմ պայքարին առնչվող հարցերը։ Պաշտպանն ընդգծել է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա այս խնդիրները հասցեագրելուն ուղղված կառուցակարգերի և մեթոդաբանության մշակման անհրաժեշտությունը:
Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց համար տեսալսողական մեդիայով տրամադրվող տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովմանը: Մասնավորապես, շեշտվել է, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների քարոզարշավի լուսաբանման ժամանակ տրամադրվող տեղեկատվությունը լսողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի չէ, մեծամասամբ բացակայում են սուրդո թարգմանությունը և լուսագրերը։
Հանդիպման ավարտին կողմերն առանձնացրել են համագործակցության և համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև երկուստեք ընդգծվել է միջգերատեսչական կայուն փոխգործակցության հաստատման կարևորությունը:
Կարծիքներ