ԱՄԷ-ում զբոսաշրջիկների մուտքի համար նոր կանոններ են սահմանել
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ և Աբու Դաբի քաղաքներում օգոստոսի 1-ից նոր կանոններ են սահմանվել երկիր մուտք գործող և տարանցիկ ճանապարհով այլ երկրներ մեկնող զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Tourprom-ին:
Դուբայ և Աբու Դաբի քաղաքներ մուտք գործելու համար բոլոր զբոսաշրջիկները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան: Մինչև 12 տարեկան երեխաները, սահմանափակ հնարավորությունների միջին և ծանր աստիճան ունեցող երեխաներն ազատվում են թեստի առկայության պարտադիր պահանջից: Բացասական պատասխանները վավեր են լինելու նմուշառումից հետո 96 ժամվա ընթացքում:
Բոլոր զբոսաշրջիկները նաև պետք է լրացնեն առողջության վիճակի վերաբերյալ հայտարարագիր և ներկայացնեն օդանավակայանում:
Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 61 հազար 163 է: Երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 54 հազար 863 հոգի, մահացել` 351 մարդ:
Կարծիքներ