Օգոստոսի 20-ից միջին մասնագիտական կրթություն ունեցող 1300 ուսուցիչներն այլևս չեն աշխատի դպրոցում. ԿԳՄՍ նախարար
Կրթական ոլորտում շարունակում է խնդրահարույց մնալ ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկում է միանգամից երկու մեխանիզմ, որոնք պետք է օգնեն ուսուցիչների թափուր տեղերի պակասի լրացմանը։
«Առաջինը՝ ուսուցիչների գործուղման հնարավորության ընդլայնումն է։ Առաջարկում ենք սահմանամերձ և բարձր լեռնային գոտիներից զատ այլ մարզերի բնակավայրեր ևս գործուղելու հնարավորություն տալ ուսուցիչներին, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը։
Երկրորդն՝ առաջարկում ենք մանկավարժի որակավորում ստանալու ծրագրով սովորող ուսանողներին (իրենց կրթության վերջին տարում) գյուղական դպրոցներում դասավանդելու հնարավորություն տալ՝ ուղեկցող ուսուցչի առաջնորդությամբ։ Սա կլինի լավ պրակտիկա ուսուցիչ դառնալ ցանկացողների համար և թույլ կտա նաև դպրոցներում ապահովել այն առարկաների դասավանդումը, որոնց ապահովումն այս պահին խնդիր է։
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռևս մնացել են 1300-ից մի փոքր ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն, շարունակում են աշխատել դպրոցներում: Այս անձինք այլևս չեն կարողանալու աշխատել դպրոցներում՝ այս տարվա օգոստոսի 20-ից սկսած:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ուսուցիչների պարագայում գործել են տարբեր, այդ թվում՝ օբյեկտիվ հանգամանքներ բարձրագույն կրթություն չստանալու տեսանկյունից, առաջարկվում է, որպեսզի նրանց ընձեռենք հնարավորություն՝ մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին, և եթե կամավոր ատեստավորման գործընթացն այս ուսուցիչներն անցնեն հաջողությամբ, այսինքն՝ հավաքեն 60 տոկոս և ավելին, ապա նրանց տրվի հնարավորություն՝ շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը: Եվ ինչպես նշեցի` այս ժամկետն արդեն մոտենում է, հետևաբար օրենսդրական կարգավորման հրատապության խնդիր ունեինք, որպեսզի կարողանայինք հավելյալ հնարավորություն ընձեռել ուսուցիչներին»,- ասաց նախարարը:
Կարծիքներ