ԿԲ նախագահը՝ Հայաստանում տիրող գնաճի մասին
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ Հայաստանում ապրանքների գնաճին:
«Մայիս ամսվա տվյալներով՝ Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության ու մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով: Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, սակայն պիտի հասկանանք, որ 9 տոկոս գնաճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է»,- ասաց ԿԲ նախագահը:
Գալստյանը նշեց՝ այս փուլում, երբ փոխարժեքն արժևորվել է, զուգահեռաբար ապրանքների միջազգային գները կտրուկ բարձրացել են:
«Դա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով: Օրինակ՝ ցորենը գտնվում է պատմական մաքսիմումի վրա: Առաջին անհրաժեշտության ապրանքների համար ունենք միջազգային գների շատ մեծ աճ:
Բացի դրանից՝ արտահանողների հետ մեր շփումներում շատ հաճախ լսում ենք տրանսպորտային մեր խնդիրների մասին: Երբ խոսում ենք, փոխարժեքը չէ առաջնային խնդիրը, առաջնային է Լարսի տարողունակության կամ տրանսպորտային ծախսերի ընդհանուր ավելացման խնդիրը: Ունենք արտահանողներ, որ ժամանակին արտահանում էին Ռուսաստան Լարսով, ու արտահանված ապրանքի փոխարեն նույն բեռնափոխադրող մեքենայով ներմուծում էին իրականացնում:
Հիմա նույն արտահանողը կորցնում է ապրանքի մի մասը, որովհետև ապրանքը փչանում է ճանապարհին, վերադարձի ժամանակ ներմուծվող ապրանք չի բերում, որովհետև դա տևում է 15 օր, եթե դատարկ է վերադառնում, դա տևում է 3 օր: Այսինքն՝ այդ ընկերությունների ծախսային կոմպոնենտներն էապես աճել են:
Պատկան մարմինները պետք է համադրեն, թե ծախսերի աճն ու փոխարժեքի ազդեցությունն ինչքան է եղել, նոր որոշակի դատողություններ անենք՝ գները ճշգրտվել են թե ոչ»,- ասաց նա:
Կարծիքներ