Ադրբեջանը Շուշիի մոտակայքում կրակել է հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հյատնել է, որ օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը ակտիվորեն և տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի և դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի դիմաց տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից տարբեր զինատեսակների բեկորները հասել են գյուղի բնակելի հատված, իսկ օգոստոսի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Շուշիի հատվածից արձակված կրակոցներից տուժել է համայնքի բնակիչներից մեկի տունը։
Ադրբեջանի վարքագիծը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը պետք է հեռացվեն բնակավայրերից այնպիսի հեռավորության վրա, որտեղից հնարավոր չի լինի ուղիղ դիտարկմամբ նշանառության տակ պահել քաղաքացիական բնակավայրերը, քանի որ դրանք անմիջական և իրական սպառնալիք են հանդիսանում Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության համար։
Ադրբեջանական զինված ուժերի անօրինական գործողությունների պատճառով խաթարվում է սահմանամերձ դարձած բնակավայրերում խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը։
Գեղամ Ստեփանյանն ընդգծել է միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրման կարևորությունը, ինչը հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին և կանխել դրանց հետագա կրկնությունը։
Կարծիքներ