Վաղը հայտնի կդառնա Հայաստանի ֆուտբոլի Գավաթի խաղարկության հաղթողը. եզրափակիչ եզրափակչից առաջ
«Արարատ-Արմենիա» ու «Նոա» ֆուտբոլային ակումբներն առաջիկա 5 օրվա ընթացքում 2 տիտղոս են վիճարկելու: Առաջինի համար պայքարը նախատեսված է վաղը՝ հուլիսի 10-ին: Տեղի կունենա Հայաստանի Գավաթի 2019-20 մրցաշրջանի եզրափակիչը, որում կմրցեն նաեւ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնի տիտղոսի հավակնորդները՝ «Նոան» ու «Արարատ-Արմենիան»:
Այս 2 թիմերն էլ առաջին անգամ են Գավաթի եզրափակչում: Ընթացիկ մրցաշարում «Նոան» այս մրցաշարում իր պայքարն սկսել է 1/8 եզրափակչից, որում հաղթողը որոշվել է 1 խաղով: 1:0 հաշվով շրջանցել է «Արարատին»: Նույնպես 1 խաղից բաղկացած քառորդ եզրափակչում մրցակիցը եղել է Առաջին խմբի առաջնության մասնակից «Վանը», որին նույնպես պայքարց դուրս է թողել՝ առավելության հասնելով նույն հաշվով: Կիսաեզրափակչում 2 խաղերի արդյունքում ընդհանուր 3:1 հաշվով հաղթել է «Ուրարտուին»:
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» նույնպես մեկնարկել է 1/8 եզրափակչից: Այնտեղ խոշոր 5:0 հաշվով հաղթել է Առաջին խմբի ներկայացուցից «Վեստ Արմենիանիային»: Քառորդ եզրափակչում արդեն գերխոշոր 11:2 հաշվով պարտության է մատնել նույնպես Առաջին խմբի թիմի՝ «Սեւանին»: Կիսաեզրափակչում եզրափակչի ուղեգրի համար պայքարում մրցել է «Գանձասար-Կապանի» դեմ: Դիմակայության հաղթող է դարձել՝ 2 խաղերի արդյունքում առավելության հասնելով ընդհանուր 3:0 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում այս թիմերը Բարձրագույն խմբում հանդիպել են 3 անգամ՝ 2 անգամ առաջնության առաջին հատվածում, 1 անգամ էլ, այն բանից հետո, ինչ թիմերը բաժանվեցին մրցանակային ու անցումային խմբերին: Առավելությունը ՀՀ չեմպիոնի կողմն է: «Արարատ-Արմենիան» 2 անգամ հաղթել է առաջնության առաջին հատվածում 2:1 եւ 3:1 հաշվներով: Վերջին խաղը, որ տեղի է ունեցել 2-րդ հատվածում՝ հունիսին, ավարտվել է ոչ-ոքի: Կողմերը փոխանակվել են մեկական գոլով:
Վերջին օրերին եզրափակչին վերաբերող կարեւորագույն հարցերից մեկը ֆուտբոլասերների ներկայությունն էր: Որոշված է, որ նրանք մարզադաշտում չեն լինելու: «Արարատ-Արմենիայի» երկրպագուները դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով, որ թույլ տան, որ սահմանափակ քանակով երկրպագուներ լինեն եւ ընդգծել էին, որ ներկաները կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար կպահպանեն սոցիալական հեռավորությունը եւ անհրաժեշտ մյուս կանոնները: ՀՖՖ-ն ասել էր, որ անկախ երկրպագուների խնդրանքից՝ այդ հարցով դիմել է ՀՀ պարերատուն: Հետագայում ֆեդերացիան հայտարել էր, որ պարետատունը նման հնարավորություն չի տվել:
Եզրափակիչը մեծապես փոխկապակցված կլինի ու իր ազդեցությունը կունենա նաեւ առաջնության վերջին՝ 28-րդ, տուրի տուրի վրա: Հուլիսի 14-ին կայանալիք այս 2 թիմերի միջեւ այդ հանդիպումը եզրափակչի կարեւորություն է ունենալու, քանի որ դրանով է վճռվելու չեմպիոնի հարցը: «Արարատ-Արմենիան» 49 միավորով առաջինն է, իսկ «Նոան»՝ 48 միավորով 2-րդը: Հաղթողը չեմպիոն կդառնա, իսկ ոչ-ոքիի դեպքում տիտղոսը բաժին կհասնի «Արարատ-Արմենիային»:
Գավաթի եզրափակիչը վաղը տեղի է ունենալու ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Սկսվելու է 19:00-ին:
Իսկ մինչեւ եզրափակիչը «Նոայի» տնօրեն Արթուր Սահակյանը եւ «Արարատ-Արմենիայի» տնօրեն Էդուարդ Սարգսյանը ՀՖՖ-ում արված այս զվարճալի լուսանկարով են սպասում պայքարին: Այն սոցցանցերում հրապարակել է Սահակյանը (լուսանկարում՝ աջից):
Կարծիքներ