Գոռ Աբրահամյանի պարզաբանումը՝ ՊՆ զորամասերից մեկում շտաբի պետի կողմից սպային վնասվածք պատճառելու վերաբերյալ

Գոռ Աբրահամյանի պարզաբանումը՝ ՊՆ զորամասերից մեկում շտաբի պետի կողմից սպային վնասվածք պատճառելու վերաբերյալ

Մամուլում երեկվանից տեղեկություններ են հրապարակվում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում շտաբի պետի կողմից զորամասի սպաներից մեկին վեճի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

 

«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ հիմք ընդունելով Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալները, ինչպես նաև Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից ստացված հաղորդումը, ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դեռևս ապրիլի 2-ից սկսվել են նյութեր նախապատրաստվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով:

 

Արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Սևանի կայազորի զինվորական դատախազությունում դեպքի առթիվ այսօր՝ ապրիլի 4-ին, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը) 2-րդ մասի հատկանիշներով:

 

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու, դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպի պատճառներն օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ»,- տեղեկացրել է Աբրահամյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում