Անհետ կորածների որոնման աշխատանքում ընդգրկվել են նաև հարազատներ

Անհետ կորածների որոնման աշխատանքում ընդգրկվել են նաև հարազատներ

Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին: Այս մասին տեղեկացրեցին  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությունը հաջողվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջնորդությամբ և ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բանակցությունների միջոցով: Այժմ յուրաքանչյուր ուղղությամբ երկու ծնող կարող են միանալ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատներին և ռազմական գործողությունների վայրերում և օգնել նրանց», -մանրամասնել է Թադևոսյանը: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում: 

«Այսօր երկու ջոկատ է աշխատում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում: Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1: Այս պահին չկա ռազմական գործողությունների վայր, որտեղ որոնողափրկարարական աշխատանքները վերջնական ավարտին են հասցվել: Ուստի որոնողական աշխատանքները շարունակվելու են բոլոր տարածքներում։ Իրականացման ընթացքը մեծամասամբ պայմանավորված է այդ ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահների համապատասխան բանակցություններով: Նշեմ, որ նոյեմբերի 13-ից մինչև այսօր ընդհանուր առմամբ գտնվել է 802 զոհվածի աճյուն: Առայժմ միայն Շուշիի տարածքում են  գտնվել մեկական  ողջ մնացած հայ և ադրբեջանցի զինվորներ», - ասաց Հունան Թադևոսյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում