Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը
2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։
Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության զարգացումը Հայաստանում՝ հանդիսանալով մանկագիրների և նկարազարդողների ստեղծագործական ներուժի արտահայտման կարևոր հարթակ: Գրադարանը նաև hանրապետության` մանուկներին ու պատանիներին սպասարկող գրադարանների մեթոդական կենտրոնն է, որն իրականացնում է բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ՝ ուղղված մանուկների և պատանիների կրթական, մշակութային, գեղագիտական զարգացմանն ու դաստիարակմանը:
Մանուկ և պատանի ընթերցողների ժամանցը գրադարանում. ամառային դպրոց
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի տեղեկացմամբ՝ ինչպես նախորդ տարիներին, այդպես էլ այս տարի հունիսի 1-ից գրադարանում 6-13 տարեկան երեխաների համար կազմակերպվել է ամառային դպրոց, որը կգործի մինչև օգոստոսի վերջ: Ամառային դպրոց են հաճախում ոչ միայն հայաստանաբնակ, այլև Հայաստանում իրենց ամառային հանգիստը կազմակերպող ընտանիքների երեխաներ՝ եվրոպական երկրներից, Ռուսաստանից, Կանադայից: Ամառային ճամբարին մասնակցում են նաև խոցելի խմբերի երեխաներ՝ անվճար հիմունքներով: Ճամբարական առօրյան սկսվում է նախավարժանքով, այնուհետև իրականացվում են բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր, այցելություններ՝ տիկնիկային և խամաճիկների թատրոններ, թանգարաններ, «Մուլտ-արտ» և մշակութային այլ կենտրոններ ու հաստատություններ: Այս ծրագրերին զուգահեռ անցկացվում են բարձրաձայն ընթերցանություն-քննարկումներ, «Հմուտ ձեռքեր» վարպետության դասեր՝ ասեղնագործության և ձեռագործական այլ աշխատանքների ուսուցում: Գրադարանի տնօրենի նշմամբ՝ ասեղնագործությամբ և մաքրամեով հետաքրքրված են ամառային դպրոցի բոլոր սաները, այդ թվում`տղաները: Դպրոցի առօրյան բավականին հետաքրքիր և հագեցած է. ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում-քննարկումներ, գիտության տարբեր բնագավառներում կատարված հայտնագործությունների ուսումնասիրություն, գրական ստեղծագործությունների ընթերցում, երեխաների ուժերով ներկայացման բեմադրում, որտեղ իրենք էլ հանդես են գալիս դերակատարումներով: Այս ամենին զուգահեռ՝ ինտերակտիվ խաղերի միջոցով երեխաները սովորում են լեզուներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Շփումների արդյունքում ամառային դպրոցի սաները նաև միմյանցից են լեզուներ սովորում, ինչն անչափ կարևորում են նաև ծնողները:
Ընթերցանությունն ամառային հանգստի շրջանում
Դպրոցականների ամառային արձակուրդների շրջանում մեծ ակտիվություն է նկատվում գրադարանում, մասնավորապես՝ ընթերցասրահներում: «Մեր ընթերցողները մեծ ակտիվությամբ են այցելում գրադարան: Երևանաբնակ ընթերցողները հիմնականում գրքերը տուն են տանում, իսկ օտարերկրյա քաղաքացիներին գրքեր դուրս չեն տրվում. նրանց ընթերցանությունը կազմակերպվում է գրադարանի ընթերցասրահներում: Այդ ընթերցողներից շատերը Հայաստանում ուսումը շարունակելու նպատակով օգտվում են մասնագիտական գրականությունից և ամբողջ օրն անցկացնում գրադարանում: Քիչ չեն նաև այցելությունները խմբերով»,- նշել է Ռուզան Տոնոյանը:
Գրադարանի ընթերցողները հիմնականում կարդում են գեղարվեստական, մանկական, գիտահանրամատչելի գրականություն: Մեծ է պահանջարկը նաև արվեստի, լեզվաբանության, տեխնիկական, գյուղատնտեսության ոլորտներին առնչվող գրականության մասով: Նախորդ տարիների համեմատ մեծագույն ակտիվություն է նկատվում նաև միջին դասարանների ընթերցողների շրջանում:
Տարեցտարի ավելանում է ընթերցողների թիվը դպրոցականների և ուսանողների շրջանում: Եթե 2022 թվականին ընթերցողների թիվը 18 հազարից ավելի էր, ապա 2023 թվականի միայն առաջին կիսամյակում նրանց թիվն ավելի քան 11 հազար է: Տնօրենի տեղեկացմամբ՝ այս տարի կտրուկ աճել է նաև գրադարանում նոր գրանցվող ընթերցողների թիվը:
Գրադարանային ֆոնդի համալրում
Ռուզան Տոնոյանի նշմամբ՝ գրադարանային ֆոնդի համալրում կատարվում է պետության կողմից սուբսիդավորվող դրամաշնորհի շրջանակում. «Որպես Ազգային մանկական գրադարան՝ ֆոնդը համալրվում է Հայաստանում հրատարակվող մանկապատանեկան գրականությամբ: Ուսումնասիրվում է ընթերցողների պահանջարկը և ըստ առաջնահերթությունների գնումների (մրցույթով) ու նվիրատվությունների միջոցով կատարվում է համալրումը: Հիմնական պահանջարկը ձևավորվում է դպրոցական ծրագրերի և արտադպրոցական ընթերցանության գրականության շուրջ: Պահանջարկի համատեքստում մեծ խթան են հանդիսանում նաև գրական ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումները և ֆիլմերը: Դրանք դիտելուց հետո դպրոցականներն անպայման ձեռնամուխ են լինում գրական ստեղծագործության ընթերցմանը: Հետաքրքրությունը տվյալ հեղինակի կամ գրական ստեղծագործության նկատմամբ պայմանավորված է նաև հրատարակչի կամ գրողի կողմից նորատիպ գրքի պատշաճ հանրահռչակման գործոնով: Գրադարանի կողմից իրականացվող տարբեր ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում կարողանում ենք ժամանակին և ճշգրիտ կազմել պահանջվող գրականության ցանկերը՝ գրքերը ձեռք բերելու և մեր ընթերցողներին լիարժեքորեն սպասարկելու նպատակով: Գրադարանը ոչ ֆորմալ կրթության հարթակ է և գրավիչ պայմաններն ապահովում են տվյալ դպրոցականի կամ ուսանողի կրթության իրավունքը: Գրադարան այցելությունն ընթերցողի մոտ ձևավորում է գրական ճաշակ, մտածողություն, և պատահական չէ, որ յուրաքանչյուր սրահ տվյալ տարիքային խմբի համար կազմում է իր մոտ եղած հավաքածուի լավագույն ընտրանին և ներկայացնում ընթերցողին»:
Գրադարանի կրթամշակութային, ճանաչողական, ժամանցային ծրագրերը
Տարեցտարի ավելանում են նաև գրադարանի հեղինակային ծրագրերը, որոնք յուրօրինակ ուղենիշ են ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր հաստատությունների համար:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականին գրադարանում իրականացվում են ինչպես նախորդ տարիների կրթական, մշակութային, գրադարանի ավանդական-հեղինակային, այնպես էլ նոր ծրագրեր:
«Խորագրերը շատ տարբեր են՝ կրթական, մշակութային բաղադրիչներով, ճանաչողական ու ժամանցային տարրերով: Դրանք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի, տարաբնույթ հետաքրքրություններ և նախասիրություններ ունեցող երեխաների համար: Իրականացվում են շուրջ 30 ծրագրեր, այդ թվում՝ «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ», «Ազգային գրադարանային շաբաթ», «Արևմտահայ գրականության միամսյակ», «Տարվա հոբելյարներ և հոբելյանները», «Գրքի բարձրաձայն ընթերցանություններ և քննարկումներ», «Հանդիպումներ ժամանակակից գրողների հետ», «Աշխարհի շուրջ», «Իմ ապագա մասնագիտությունը», «Ամառային դպրոց», «Գիտադարան», «Մեդիագրագիտության դասընթացներ», «Սովորում ենք լեզուներ», «Ճի՞շտ, թե սխալ, վիկտորինաներ», «Սովորում ենք բարբառները», «Մի հայտնագործության պատմություն», «Մերօրյա պատանի գիտնականները», «Բալասան», «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ», «Հեքիաթի դեսպաններ», «Գրքի հերոսները՝ ստվերում, ստվերային թատրոն», «Արվեստասեր պատանի», «Ճանաչենք մեր հայրենիքը», «Մի լուսանկարի պատմություն», «Ֆրանկոֆոնիայի միամսյակ», «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրերը: Բոլոր ծրագրերն էլ մեծ հետաքրքրություն են ներկայացնում երեխաների շրջանում. յուրաքանչյուր ծրագիր միտված է երեխայի գիտելիքի ավելացմանը, գեղագիտական ճաշակի զարգացմանը, գեղարվեստական դաստիարակության ապահովմանը»:
Տնօրենի դիտարկմամբ՝ այս հետաքրքիր նախաձեռնությունների կողքին նշանակալի կարևորություն ունի «Արևմտահայ գրականության միամսյակ» ծրագիրը, որի շրջանակում երեխաներն անդրադառնում են արևմտահայ գրողների ստեղծագործություններին. կազմակերպվում է նաև գրքային ցուցահանդես: Դպրոցականներն ընթերցում, անգիր են սովորում, ներկայացնում և հանրահռչակում են այդ սքանչելի ստեղծագործությունները. մեկ ամիս շարունակ գրադարանում հնչում են արևմտահայ գրականության գոհարները:
Կարծիքներ