Ասկերանում ասֆալտապատվում են փողոցները. ներդրվել է ավելի քան 1.6 մլրդ դրամ

Ասկերանում ասֆալտապատվում են փողոցները. ներդրվել է ավելի քան 1.6 մլրդ դրամ

Պետական ֆինանսավորմամբ ասֆալտապատվում է Արցախի Ասկերանի քաղաքի կենտրոնական՝ Շահումյան փողոցը: Մինչև այդ շինարարները շահագործման են հանձնել Բերքաձորի խաչմերուկից շրջկենտրոնին կապող ճանապարհը:

Մուշեղ Հայրապետյան (ընկերության աշխղեկ) - Մի մասում ասֆալտը փռում ենք, որպեսզի ժողովուրդը, բնակիչները կարողանան օգտվել ճանապարհից: Երբ առաջին շերտը սառչում է, արդեն երկրորդ գիծն ենք կառուցում:

Ճանապարհաշինական տեխնիկային Ասկերանում երկար են սպասել: Ծրագիրը սկսվել է հուլիսին, հետաձգվել 44-օրյա պատերազմի պատճառով: Համայնքի ղեկավարն ասում է՝ այս ծավալի և որակի ճանապարհաշինարարություն Ասկերանում երբեք չեն տեսել:

Հայկ Շամիրյան (Ասկերանի քաղաքապետ) - Բացի զուտ շինարարական աշխատանքներից, նաև հավելյալ աշխատանքներ են առաջանում շինարարության մեջ, ինչը նորմալ երևույթ է, կարծում եմ, և մարդկային մոտեցումը գործին նույնպես դրական է:

Փողոցի երկարությունը մոտ 10 կիլոմետր է, իսկ ընդհանուր ծրագրի արժեքը՝ 1 միլիարդ 685 միլիոն դրամ: Աշխատանքի առաջին փուլում շինարարները սառը մշակման են ենթարկել նախկին ասֆալտբետոնե ծածկը:

Մուշեղ Հայրապետյան - Այս մասշտաբի աշխատանք մենք այստեղ առաջին անգամ ենք կատարում, որակն ընթացքում պարզ կլինի, իսկ որակի հարցում ես կասկած չունեմ:

Շինարարության ավարտին օրեր են մնացել, ասում է շինարարության պատասխանատուն: Ճանապարհի կահավորմանը զուգահեռ արհեստական անհարթություններ կկառուցեն՝ այս փողոցի վրա են Ասկերանի միջնակարգ դպրոցն ու մանկապարտեզը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում