Իրանում հայտարարել են, որ ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի հետ բանակցությունները եղել են կառուցողական

Իրանում հայտարարել են, որ ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի հետ բանակցությունները եղել են կառուցողական

Թեհրանում Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ բանակցություններն անցան կառուցողական տեսանկյունով: Այդ մասին օգոստոսի 25-ին հայտարարել է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Գրոսիի հետ բանակցությունները կառուցողական էին: Որոշվել է, որ գործակալությունը պրոֆեսիոնալ եւ անաչառ կերպով կկատարի իր աշխատանքը, իսկ մենք կգործենք մեր հանձնառությունների շրջանակում»,- մեջբերում է նրա խոսքը Tasnim գործակալությունը:

Սալեհին հավելել է, որ «Գրոսիի գալով (որպես գործակալության գլխավոր տնօրեն) սկսվում է Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության նոր գլուխ»:

«Ես հուսով եմ, որ (Թեհրան Գրոսիի) այցի արդյունքները երկուստեք շահավետ կլինեն»,- նշել է նա: Ավելի վաղ Գրոսին Twitter-ում գրել է, որ ինքը մեկնում է Թեհրան Իրանի իշխանությունների հետ հանդիպման եւ Իրանի հետ փոխգործակցելիս կուտակված հարցերի քննարկման համար:

Նրա խոսքով՝ իրեն անհրաժեշտ է երկխոսություն հաստատել Իրանի հետ համագործակցության համար: Օգոստոսի 24-ին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ պլանավորված են Գրոսիի հանդիպումներն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում