Մեկնարկել է «EduArmenia2023» առկա ձևաչափով աշխատաժողովը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «EduArmenia2023» համահայկական գիտակրթական առկա ձևաչափով աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:
Բացման արարողությանը մասնակցել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, «EDUArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, ոլորտի մասնագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովն առկա և հեռավար ձևաչափով անցկացվում է արդեն 4-րդ անգամ. այս տարի հեռավար ձևաչափով այն մեկնարկել է հուլիսի 1-ին: Աշխատաժողովի ընթացքում կրթական ոլորտի ներկայացուցիչները հանդես են գալու ոլորտի զարգացմանն ու բարեփոխումներին նվիրված բանախոսություններով և դասախոսություններով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին և կարևորել նմանօրինակ միջոցառումների դերը կրթական բարեփոխումների գործընթացում. «Հանրակրթության ոլորտում իրականացվում են մի շարք բազմաշերտ բարեփոխումներ, և այս ոլորտի յուրաքանչյուր մասնակցի և շահակից խմբի զարգացումն իր հիմնարար ազդեցությունն է ունենալու այս փոփոխությունների վրա»:
Արաքսիա Սվաջյանը նաև խոսել է դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրման մասին՝ նշելով, որ առանձնացվել են դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Վարչատնտեսական մասի համակարգողը կիրականացնի դպրոցի վարչական, իսկ տնօրենը` ուսումնական գործընթացի պլանավորումը և կազմակերպումը։ Վերջինս հույս է հայտնել, որ այս օրերի ընթացքում կքննարկվեն նաև դպրոցների տնօրենների զարգացման ծրագրերը, ուսուցիչների ատեստավորման և կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:
Նախարարի տեղակալն աշխատաժողովի անցկացումն արժևորել է նաև ոլորտի տարբեր կառույցներին համախմբելու, փոփոխության ձգտող մանկավարժական համայնքի ներուժը բացահայտելու տեսանկյունից՝ վստահություն հայտնելով, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու կրթական բարեփոխումներին միտված առաջարկներին ու գաղափարներին:
Աշխատաժողովը կտևի մինչև հուլիսի 4-ը:
Կարծիքներ