Պահնորդական կազմակերպությունը դիմակավորված, զենքի նմանվող խաղալիքներով, մահակներով մտել է Ամուլսարի տարածք. ջերմուկցի

Պահնորդական կազմակերպությունը դիմակավորված, զենքի նմանվող խաղալիքներով, մահակներով մտել է Ամուլսարի տարածք. ջերմուկցի

Ջերմուկի բնակիչները պահնորդական կազմակերպության հետ ընդհանուր հայտարարի են եկել և պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին այսօր FreeNews-ին հայտնեց ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ամուլսար տանող ճանապարհին լարված իրավիճակ էր, որը պայմանավորված էր Ամուլսարի տարածք նոր պահնորդական ընկերության մտնելով: Մինչ այդ տարածքը հսկում էին «Պանտերա սեքյուրիթի» ընկերության աշխատակիցները, որի հետ պայմանագիր ուներ Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիա ունեցող «Լիդիան Արմենիան»: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Լիդիան Արմենիան» նոր համաձայնագիր կնքեց մեկ այլ ընկերության հետ:

Բունիաթյանը հայտնեց, որ համայնքի բանկիչների պահանջներն աստիճանաբար՝ փուլ առ փուլ, կատարվում են, պահնորդական կազմակերպությունն արդեն տարածքից հեռացրել է պահեստազորի հատվածը և հիմա տարածքում գործում է հերթափոխ:

«Եթե լինեն պայմանավորվածությունների խախտումներ և ավելի նեղ շրջանակում քաղաքացիներն ու պահնորդական կազմակերպության աշխատակիցները լեզու չգտնեն, ապա համայնքի բնակիչները կրկին կխոսեն այս կազմակերպության հետ»,-ասաց Բունիաթյանը:

Անդրադառնալով կազմակերպության գալուն պես առաջացած խնդիրներին, ջերմուկի բնակիչն ասաց, որ վրդովմունքի պատճառն եղել է կազմակերպության աշխատակիցների պահվածքն ու ջերմուկցիների հանդեպ վերաբերմունքը:

«Նրանք ժամը 5-ին դիմակավորված, զենքի նմանվող խաղալիքներով, մահակներով, դիվերսիային բնորոշ ձևով եկան Ամուլսարի տարածք, ինչը զայրացրեց ժողովրդին: Մարդիկ էլ փողոց դուրս եկան ու ասացին, որ այս տարածքում համայնքի բնակիչներն են թելադրում, թե ինչպես պետք է աշխատանքներն իրականացվեն»,-ասաց Շիրակ Բունիաթյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում