Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ ու օլիմպիական ուղեգիր է նվաճել
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի գործող չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Սաչուլտանի նկատմամբ: Թևանյանն այսպիսով նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:
Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, 1/8 եզրափակչում 8-6 հաշվով առավելության է հասել Տաջիկստանի ներկայացուցչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Թևանյանը ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ՝ 12-2։ Կիսաեզրափակչում, սակայն, հայ ըմբիշը վերջին վայրկյաններին զիջել է Կուբայի ներկայացուցչին՝ 9-10:
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալներ են նվաճել նաև մինչև 70 կգ քաշային Արման Անդրեասյանը և 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը։ Վերջինս կարիերայում երրորդ անգամ է դարձել ԱԱ-ի բրոնզե մեդալակիր ու նաև Փարիզ-2024-ի ուղեգիր ապահովել:
Սեպտեմբերի 22-ից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին։ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ վարկանիշային ԱԱ-ին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Նշենք՝ յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր՝ 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:
Կարծիքներ