Շերը ցանկանում է իր տանն ընդունել ուկրաինացի փախստականներին
Երգչուհի Շերը, Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին, հայտարարել է, որ իր տանը կընդունի ուկրաինացի փախստական ընտանիքներին։ Այդ մասին նա գրել է Twitter-ում։
«Ես կցանկանայի հովանավորել ուկրաինական ընտանիքներին իմ տանը: Նրանք ապահով կլինեն: Իմ դիրքում գտնվող շատ մարդիկ պետք է օգնեն: Եթե ես մենակ լինեի կամ երեխաների հետ, կամ վիրավորվեինք, հուսով եմ, որ ինչ-որ մեկն ինձ պես կհոգար մեր մասին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ավելի քան 3 միլիոն ուկրաինացի փախստական լքել է երկիրը: Գուտերեշի խոսքով՝ Ռուսաստանը պետք է հիմա դադարեցնի այս պատերազմը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Կարծիքներ