Հնդկաստանը կշարունակի պետության ամրապնդման ուղեգիծը. Մոդի
Հնդկաստանը կշարունակի պետության ամրապնդման ուղեգիծը հանուն խաղաղության ապահովման. դա երկրի իրավունքն է, և Նյու Դելին կշարունակի դա անել:
Այդ մասին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է Լադաքխում հնդիկ զինվորների առջև ունեցած ելույթի ժամանակ:
Հնդկաստանի վարչապետը Չինաստանի հետ սահմանակից տարածաշրջան էր այցելել հնդիկ և չինացի զինվորականների հակամարտությունից հետո առաջին անգամ:
ՉԺՀ-ի և Հնդկաստանի միջև գոյություն ունի վաղեմի տարածքային վեճ Քաշմիրի հյուսիսում գտնվող լեռնային տեղամասի, ինչպես նաև Արունաչալ-Փրադեշի հյուսիսարևելյան նահանգում գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետրի պատկանելության շուրջ:
1962 թվականի աշնանն այդ վեճը վերաճել է սահմանային պատերազմի: 1993 և 1996 թվականներին ՉԺՀ-ն և Հնդկաստանը համաձայնագիր են ստորագրել վիճելի շրջաններում խաղաղությունը պահպանելու շուրջ: Իրադրության սրումը տարածաշրջանում սկսվել է դեռ մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջև մի շարք հակամարտություններ են տեղի է ունեցել Պանգոնգ Ցո բարձրլեռնային լճի շրջանում:
Դրանից հետո Հնդկաստանը և Չինաստանը սկսել են ուժերն ամրապնդել Լադաքխում՝ փաստական հսկողության գծի մոտ: Լարվածության նոր ալիքն սկսվել է հունիսի 15-ի երեկոյան Լադաքխի Գալվանի հարթավայրում երկու երկրների զինվորականների ծեծկռտոցից հետո: Պաշտոնական Նյու Դելիի տվյալներով՝ միջադեպի հետևանքով հնդկական կողմից զոհվել է 20 զինվոր: Չինական կողմից զոհվածների և տուժածների թվի մասին տեղեկատվություն չի հրապարակվել՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ