Ներկայացվեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը

Ներկայացվեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը

Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանի քննարկմանը ներկայացված «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծով կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: 

«Այս տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագիրը: Ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գտնում է, որ ԱԺ–ն պետք է պաշտոնապես արձանագրի այս փաստը և հայտարարության ընդունմամբ աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և կոչ անի բոլոր շահագրգիռ կողմերին ամրապնդելու և զարգացնելու հաստատված խաղաղությունը»,-ասաց Կոնջորյանը:

Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է, որ ՀՀ ազգային ժողովն աջակցություն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագրին»: 

«ԱԺ-ն կարևորում է ձեռք բերված համաձայնությունն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա՝ տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով: Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև  ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն, ՀՀ–ի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,-ասված է հայտարարությունում: 

ԱԺ-ն առանցքային է համարում, որ Հայաստանն աշխատելու է ԱՄՆ–ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում TRIPP հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով:

Հայտարարությամբ ԱԺ-ն նաև շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում իր անուրանալի ներդրման համար:

ԱԺ-ն վերահաստատում է, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ: 

ԱԺ-ն ընդգծում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման և առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է ՀՀ կենսական շահերից և, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ: 

«Ազգային ժողովը կոչ է անում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և/կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից՝ հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար»,–ասված է հայտարարությունում: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում