Արցախում գույքային վնասների փոխհատուցման, ամեն ինչ կորցրած ձեռներեցների աջակցության համար տեղեկություններ են հավաքագրվում
Արցախում փոխհատուցման ծրագրերի մշակման նպատակով հավաքագրվում են հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների մասին տեղեկություններ: Այս մասին տեղեկացրեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Վաչե Վարդանյանը՝ նշելով, որ քաղաքացիներն այս տեղեկությունները պետք է տրամադրեն համայնքի ղեկավարներին:
«Տեղեկությունների հավաքագրումը վերաբերում է նաև գյուղատնտեսական նշանակության տեխնիկային:
Արցախի բնակիչները պետք է դիմեն այն համայնքի ղեկավարին, որտեղ բնակվել են մինչև պատերազմը: ՀՀ քաղաքացիները կամ զինծառայողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն համապատասխան գերատեսչությանը: Փաստաթղթերի սահմանված ցուցակ չկա՝ հաշվի առնելով, որ դրանք մեծամասամբ շարժական գույքի հետ մնացել են ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում: Այդ դեպքում, անհրաժեշտ է հնարավորինս շատ փաստեր ու փաստաթղթեր ներկայացնել: Մասնավորապես՝ ունենք դեպք, երբ քաղաքացին իր տեխնիկան նկատել էր ադրբեջանական տեսանյութում և այդ կերպ ներկայացրել: Տվյալների հավաքագրումից և վնասների չափի ճշգրտումից հետո կմշակվեն փոխհատուցման ծրագրեր»,-ասաց Վարդանյանը:
Պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերից տեղահանվածներին Արցախում բնակարան տրամադրելուն ուղղված միջոցառման շրջանակներում, ընդունվում են հայտեր անօթևան մնացած քաղաքացիներից:
«Շահառու են հանդիսանում այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն բնակվել Արցախում: Հայտերի հիման վրա կգնահատվեն կարիքները և ըստ այդմ՝ իրականացվելու են նաև բնակարանների կառուցման ու բաշխման գործընթացները: Ֆիքսվելու է բնակվելու հստակ ժամանակահատված՝ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար: Արցախի այն քաղաքացիները, որոնք ունեցել են անշարժ գույք, սակայն չեն բնակվել այնտեղ, չեն կարող հայտ ներկայացնել այս միջոցառմանը»,-մանրամասնեց նախարարության ներկայացուցիչը:
Նրա հաղորդմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ընթանում է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գործունեություն ծավալած ձեռներեցության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման գործընթաց: Ըստ այդմ նույնպես կմշակվեն աջակցության համապատասխան ծրագրեր:
Կարծիքներ