Զբաղվածության ժամանակավոր ապահովման ծրագրերում ընդգրկվել է 285 արցախցի

Զբաղվածության ժամանակավոր ապահովման ծրագրերում ընդգրկվել է 285 արցախցի

Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրով՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում (մինչև 3 ամիս ժամկետով) ընդգրկվել է  160 շահառու: Այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զարա Մանուչարյանը:

«Ծրագրի բյուջեն կազմում է 52 մլն դրամ, որի շրջանակներում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարվում է 8,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները»,-մանրամասնեց Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ Արցախի գործազուրկ քաղաքացիների համար նախատեսված մյուս՝ վճարվող աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրով, աջակցություն է ստացել շուրջ 125 քաղաքացի:

«Պետական բյուջեով այս ծրագրի իրականացման համար նախատեսվել է 28 մլն դրամ,որի շրջանակներում 3 ամիս ժամկետով շահառուներին կվճարվի ամսական 100 հազար դրամ զուտ աշխատավարձ: Բացի այդ՝ գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը վարձատրվելու է ամսական 34 հազար դրամի չափով»,-հավելեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում