Քննարկվել է urban.e-gov.am համակարգում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Քննարկվել է urban.e-gov.am համակարգում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Արարատի մարզպետի աշխատակազմի և մարզում գործունեություն ծավալող նախագծային մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են urban.e-gov.am համակարգում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ հարցեր։

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են հարցեր՝ օրենսդրական ընթացակարգերը համակարգում արդյունավետ իրականացնելու և տեխնիկական խնդիրները կարգավորելու վերաբերյալ։ Դիտարկվել են համակարգի կիրառման ընթացքում տարբեր իրավիճակներ, որոնց դյուրացման նպատակով «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ տնօրենը խոստացել է լրացուցիչ կարգավորումներ կատարել: Նա հայտնել է, որ յուրաքանչյուր օր՝ ժամը 16։00-ից, ընկերության գրասենյակում կազմակերպվում են հանդիպումներ՝ հարթակի հետ կապված տեխնիկական հարցերով։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներ Նունե Պետրոսյանը, Ստեփան Խաչատրյանը, խորհրդական Հովսեփ Հովեյանը, քաղաքաշինության և ճարտարապետոթւյան վարչության խորհրդական Դավիթ Դալլաքյանը կարևորել են համակարգից օգտվողների հետադարձ կապը թվային հարթակում գործընթացների բարելավման նպատակով և ընդգծել կոմիտեի պատրաստակամությունը՝ վերհանված խնդիրները ծրագրավորող կազմակերպությանը հասցեագրելու և արդյունավետ լուծումներ գտնելու հարցում։

Հանդիպման մասնակիցներին հետաքրքրել են առավելապես ճարտարապետների, կոնստրուկտորների գործառույթները և քայլերի հաջորդականությունը urban.e-gov.am համակարգում։ Նրանք կարևորել են քաղաքաշինական թույլտվությունների գործընթացի տեղափոխումը թվային հարթակ և հարթակից օգտվող ինչպես համայնքային աշխատակիցների, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հմտությունների կատարելագործումը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից Հայաստանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում