Եթե ԼՂ հարցը լուծված է, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը կրակում Լեռնային Ղարաբաղի վրա. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Եթե ԼՂ հարցը լուծված է, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը կրակում Լեռնային Ղարաբաղի վրա. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Հայաստանը դեմ չէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի, սակայն այդ լուծումը պետք է առաջին հերթին տեսնեն, զգան, ընդունեն այնտեղ ապրող մարդիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:

«Ես որքան ծանոթ եմ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ ինքն ասում է, որ Սոչիի ու Պրահայի հայտարարություններով ԼՂ հարցը լուծվել է: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանի նախագահը Պրահայից և Սոչիից առաջ էլ էր այդ նույն արձանագրումն անում»,-ասաց Փաշինյանը՝ կարևորելով հասկանալը, թե որն է Ալիևի արձանագրման տարբերությունը Պրահայից ու Սոչիիից առաջ ու հետո:

Վարչապետը վերահաստատեց՝ հայկական կողմը մշտապես ասել է ու ասում է, որ երբեք էլ ԼՂ-ի հիմնախնդիրը տարածքի խնդիր չի եղել, այլ բան է այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունն ի վիճակի չի եղել այս կոնտեքստն ամբողջությամբ ներկայացնել միջազգային հանրությանը: ԼՂ-ի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն:

«Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, շատ լավ, ուրեմն ԼՂ հայությունն ինչո՞ւ չի զգում դա: Եթե ԼՂ հարցը լուծված է, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ-ի շուրջ դիրքեր տեղադրել և ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա: Սա շատ կարևոր հարց է, որի բովանդակային պատասխանը պետք է ոչ միայն Հայաստանը, այլ նաև միջազգային հանրությունը ստանա: Մենք դեմ չենք, որ ԼՂ հարցը լուծվի կամ լուծված լինի: Մենք ասում ենք, որ այդ լուծումը պետք է առաջին հերթին տեսնեն, զգան, ընդունեն այնտեղ ապրող մարդիկ: Ինչո՞ւ են նրանք անընդհատ սպառնալիքի ներքո»,-ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե իբր հայերը ոչ մի խնդիր չունեն կամ չեն ունենա՝ Փաշինյանն առաջարկեց գնալ ու տեսնել՝ Հադրութի ժողովուրդը հիմա ունի՞ խնդիր, իրենց տներում ապրո՞ւմ է:

«Ո՞րն է ԼՂ հարցի կարգավորման ադրբեջանական տեսլականը. որ Ղարաբաղում ապրող բոլոր հայերը պետք է արժանան այն նույն ճակատագրին, ինչ վիճակում այս պահին գտնվում են Հադրութի հայե՞րը: Այդ դեպքում, ուրեմն, պետք է արդարացված համարել իմ այն արձանագրումը, որ այս ամենից ցեղասպանության նախապատրաստության տպավորություն է ստացվում կամ հենց այդպես էլ կա»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում