Պետբյուջեից 2021 թ. ընթացքում լրացուցիչ 1 մլրդ դրամ է հատկացվել Սյունիքի մարզին. Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց, որ ԶՊՄԿ-ի (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի) որոշ սուբյեկտներ վերադարձրել են ՀՀ-ից հափշտակված 15 մլրդ դրամը, և հետաքրքրվեց, թե ինչպես է Կառավարությունը վերաբերվում այն առաջարկին, որ վերադարձված գումարի թեկուզ չնչին մասը ծախսվեր Քաջարանի բնակիչների առողջական խնդիրների, հիվանդությունների կանխարգելման և բնապահպանական հարցերի լուծման նպատակով:
«ԶՊՄԿ-ն ՀՀ-ի հարկատու է: Մենք հենց այդ գումարների մի մասն էլ ծախսել ենք Քաջարանի վրա: Այդ գումարները մուտք են եղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»,- հարցին պատասխանելով՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ պետական բյուջեից 2021 թ. ընթացքում լրացուցիչ 1 միլիարդ դրամ հատկացվել է Սյունիքի մարզին:
«Բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, նաև սուբվենցիոն ծրագրերի հնարավորություններ կան. մենք ընդլայնել ենք այդ հնարավորությունները: Ես համաձայն չեմ Ձեր առաջարկած տրամաբանությանը, որ կոմբինատը Քաջարանում է, դրա մի մասը ծախսվի այնտեղ. դրա մի մասը բնականաբար ծախսվում է, որովհետև ՀՀ-ի պետական բյուջեի մաս է, էլ չեմ ասում, որ մենք վերջերս օրենսդրական փոփոխություններ արեցինք, և հանքարդյունաբերության ոլորտից գանձվող գումարների մի մասը վերադարձվում է ՏԻՄ-երին և ծախսվում է այդ տրամաբանությամբ: Այնպես որ մենք Ձեր ասածով էլ առաջնորդվում ենք»,- նշեց Փաշինյանը:
Կարծիքներ