Գարեգին երկրորդն անակնկալ այց է կատարել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրերս աշխարհում գործող ամենահին հայկական կրթօջախ՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան էր այցելել:
Ինչպես տեղեկանում ենք Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվին տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանը, ճեմարանի փոխկառավարիչներ Տ․ Արծրուն քահանա Միքայելյանն ու Տ․ Հայկ քահանա Քոչարյանը, այս օրերին ճեմարանում իրենց ծառայությունը բերող բարեշնորհ սարկավագները՝ տիկնանց հետ, Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու վարչության անդամներ տիկին Սյուզան Ռուբենը, տիար Սյունիլ Սոբտին՝ տիկնոջ հետ, ճեմարանի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին, ուսուցիչներն ու աշակերտները։
Բացման խոսքով հանդես է եկել ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան անակնկալ, բայց սպասված այցի և ճեմարանի տեսչությանը, ուսուցչական կազմին և աշակերտությանը մեծ պատվի արժանացնելու համար, ապա դիմեց ներկաներին՝ իրականություն դարձնելու Նորին Սրբության տեսիլքն ու երազանքը, այն է՝ նոր թափով ու եռանդով աշխատել և Մարդասիրական ճեմարանի անունն աշխարհում գործող լավագույն դպրոցների շարքում արձանագրել տալ:
Շնորհակալական խոսքով ելույթ է ունեցել նաև դպրոցի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին՝ նշելով, որ Նորին Սրբության օրհնությամբ և հայրական հոգածությամբ Մարդասիրական ճեմարանը շարունակում է բարձր պահել և առաջ տանել նախորդ սերունդներից իրեն փոխանցված ջահը՝ նոր վերելքների հասնելու և ազգին ու պետությանը կիրթ և արժանապատիվ հայորդիներ ավանդելու համար։
Տնօրենի խոսքից հետո սկսվել է միջոցառման գեղարվեստական մասը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ճեմարանի «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցչուհի Լիանա Փիրումյանը հակիրճ ներկայացրել է հնդկահայ գաղթօջախի կազմավորումն ու ձեռքբերումները, ինչպես նաև Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրումից ի վեր պատմության մեջ գրանցված կարևոր դեպքերն ու իրենց նշանակալի ավանդը թողած հայտնի հայորդիների անունները՝ միաժամանակ կարևոր անդրադարձ կատարելով Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին ճեմարանի արձանագրած շրջադարձային բարեփոխումներին ու հաջողությունների ծաղկուն շրջանին։
Միջոցառման վերջում օրհնության խոսքով հանդես է եկել Վեհափառ Հայրապետը։ Նա շնորհակալություն է հայտնել ճեմարանի տեսուչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանին՝ տպավորիչ և բարձր մակարդակի միջոցառում կազմակերպելու համար:
Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել նաև ճեմարանում սպասավորող քահանա հայրերին ու սարկավագներին, ճեմարանի տնօրենին և ուսուցիչներին՝ աշակերտներին լավագույնս կրթելու և դաստիարակելու գործում ցուցաբերած տքնաջան աշխատանքի և մեծ ավանդի համար։ Ամենայն Հայոց Հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել նաև Կալկաթայի սուրբ Նազարեթ եկեղեցու վարչական խորհրդի անդամներին և հոգաբարձուներին՝ ի դեմս տիկին Սյուզան Ռուբենի և տիար Սյունիլ Սոբտիի՝ Կալկաթայում հայոց եկեղեցիների և հայկական տարբեր կառույցների խնամքը գերազանց ձևով ապահովելու և դրանց ուշադրություն դարձնելու համար։
Դիմելով ճեմարանականներին՝ Վեհափառ Հայրապետը պատգամել է գերազանց սովորել և մեծ հաջողություններ գրանցել, քանի որ հայ աշակերտների հաջողությունները պիտի խնդություն բերեն ճեմարանի հիմնադիրների՝ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի հոգիներին, պիտի պայծառացնեն նրանց բարի անունն ու հիշատակը։
Ըստ Ամենայն Հայոց Հայրապետի՝ ճեմարանի յուրաքանչյուր հայորդի պարտավորություն և պատասխանատվություն ունի՝ ճեմարանի հիմնադիրների զոհողությունն արդարացնելու, որպեսզի այն իզուր և ունայն չմնա։
«Վեհափառ Հայրապետը հորդորեց ոչ միայն սոսկ ականատես լինել և պահել ու պահպանել հնդկահայոց փառահեղ անցյալի պատմությունը, այլև նորովի կերտել և հզորացնել հնդկահայոց գաղութի նոր ժամանակների պատմությունը՝ նույնպիսի փառքով ու հպարտ ապրումներով, որպեսզի գալիք սերունդները, գնահատելով ներկա ժամանակների գործերը, իրենք ևս նույն ապրումներն ու ներշնչանքն ունենան՝ հայրերից ավանդված ժառանգությունն իրենց հաջորդներին առավել հզորացած փոխանցելու։ Վեհափառ Հայրապետը հաստատապես նշել է, որ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի լուսավոր ընթացքն անշեղորեն իրագործվելու է և նոր, բուռն կյանքով է ապրելու»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ