Երկակի ստանդարտներով առաջնորդվող «Հայաստան» դաշինքը, ի վերջո, պետք է կողմնորոշվի՝ ՀՀ-ն իրավական պետությո՞ւն է, թե՞ ոչ. ՀԺ

Երկակի ստանդարտներով առաջնորդվող «Հայաստան» դաշինքը, ի վերջո, պետք է կողմնորոշվի՝ ՀՀ-ն իրավական պետությո՞ւն է, թե՞ ոչ. ՀԺ

Օրերս ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ «Հայաստան» դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին: Եվ սա այն պարագայում, երբ այսօր, ավելի, քան երբևէ, ՀՀ յուրաքանչյուր պաշտոնատար անձի, առավել ևս պատգամավորների գործուն դերակատարությունը՝ միջազգային հարթակներում ՀՀ շահերը պաշտպանելու գործում, հույժ կարևոր է:

Խմբակցությունը որպես այս որոշման պատճառ-հիմնավորում մեջբերում է այն հանգամանքը, որ դաշինքի մի քանի պատգամավորներ կալանավորված են, որոնց մեջ կան նաև պատվիրակությունների կազմում ընդգրկված պատգամավորներ, և նրանք երկրից տեղաշարժվելու սահմանափակումներ ունեն:

Հատկանշական է, որ տարածված հայտարարության մեջ հստակորեն ընդգծված է նաև այն, որ այս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում և վկայում է, որ Հայաստանն այլևս «ժողովրդավարական-իրավական պետություն չէ»:

Իսկ ահա երեկ «Հայաստան» դաշինքը կրկին հանդես եկավ հայտարարությամբ՝ այս անգամ էլ հայտնելով, թե դաշինքի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներն ազատ կարձակվեն՝ հղում անելով ՀՀ Սահմանադրական դատարանի երեկ հրապարակած՝ պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը:

«Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն»,- նշված է հայտարարության մեջ:

Նկատենք, սակայն, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, որը օրեր առաջ պնդում էր, թե ՀՀ-ն այլևս «ժողովրդավարական-իրավական պետություն չէ», երեկվա հայտարարության մեջ կարծես թե առանձնապես «չի հիշել» այդ մասին և հիմք է ընդունում Հայաստանի Բարձր դատարանի որոշումը: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակ»-ը:

Հատկանշական է նաև, որ «Հայաստան» անվամբ հանդես եկող, ամեն րոպե «հայրենիքը փրկելու մասին» աղաղակող այս միավորումը, երբ պետական այս կամ այն կառույցի որևէ որոշում չի բխում իր նեղ անձնային շահերից, անվարան կերպով կարող է պետությունը համարել «ոչ ժողովրդավարական և իրավական պետություն», իսկ երբ այդ նույն պետության որևէ կառույցի կայացրած որոշում նպաստում է իր նեղ անձնային շահերին, այդ «ոչ իրավական պետության» որոշումը հիմնավոր է և ի գիտություն:

Թերևս այստեղ երկակի ստանդարտներով առաջնորդվող «Հայաստան» դաշինքը պետք է կողմնորոշվի՝ ՀՀ-ն, ի վերջո, իրավական և ժողովրդավարական պետությո՞ւն է, թե՞ ոչ և նրա ընդունած որոշումները ժողովրդավա՞ր են, թե՞ ոչ: Ավելի անկեղծ գտնվելու համար կարող են հայտարարել, որ ՀՀ-ն իրենց համար իրավական և ժողովրդավարական պետություն է, երբ նրա կայացրած որոշումները բխում են իրենց նեղ անձնային շահերից:

Հանուն արդարության «Հայաստան» դաշինքը կարող էր նաև երեկվա հայտարարության մեջ նշել, որ ՍԴ-ի կայացրած որոշումը ևս աննախադեպ է. չէ՞որ իրենց քաղաքական առաջնորդի իշխանության եղած տարիներին Սահմանադրական դատարանը՝ յուր նախագահով և անդամներով, որևէ այնպիսի որոշում չէր կայացնի, որը չէր բխի Ռոբերտ Քոչարյանի ցանկություններից: Եվ հենց սա է Ռոբերտ Քոչարյանի նախագահ եղած տարիների Հայաստանի և այժմյան Հայաստանի տարբերությունը, որը Քոչարյանի երեսփոխանների և սուրհանդակների համար «ոչ իրավական և ժողովրդավարական է»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում