Ճապոնիայի կառավարությունը խուսափել է պատասխանել Պուտինի դեմ պատժամիջոցների կիրառման մասին հարցին
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ինչպես է Ճապոնիայի կառավարությունը վերաբերվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների սահմանմանը, որի հնարավորությունը նախկինում չէր բացառել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Համապատասխան հարցն ուղղվել է քարտուղարին չորեքշաբթի օրը Տոկիոյում կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին այն դեպքում, երբ Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, Ճապոնիան ծրագրում է համապատասխան արձագանքել՝ սերտորեն համագործակցելով միջազգային հանրության հետ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և G7-ի (Յոթնյակի խումբ) հետ»,- ընդգծել է Մացունոն՝ խուսափելով ուղղակի պատասխանից։
Նա նաև հիշեցրել է, որ անցած շաբաթ վարչապետ Ֆումիո Կիսիդայի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև տեղի ունեցած հեռուստակոնֆերանսի ժամանակ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը ուկրաինական խնդրի շուրջ, ներառյալ այն հարցը, թե որքան կոշտ արձագանքել Ռուսաստանի հնարավոր ներխուժմանը։
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի բացառի, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։ Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահին հարցրել են՝ տեսնու՞մ է Պուտինի նկատմամբ անձնական պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն, եթե ռուսական ուժերի ներխուժում լինի։
-Այո, - պատասխանել է Բայդենը:
Կարծիքներ