Տեղի ունեցողի նպատակը հերթական ագրեսիայի դրսևորմամբ բանակցային գործընթացի հարցում ճնշումներ բանեցնելն է․ ռազմական փորձագետ
Հակառակորդի կողմից ագրեսիայի դրսորումներն եղել են և լինելու են կանոնավոր հաճախականությամբ։ Մենք պետք է պատրաստ լինենք այդ ագրեսիայի դրսևորումներին, տանք կտրուկ, երբեմն անգամ անհամաչափ կտրուկ պատասխան։ Այս մասին այսօր FreeNews-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, անդրադառնալով Տավուշի շրջանում տեղի ունեցող ռազմական գործողություններին։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Այնուհետև ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Ապա՝ երկու-երեք ժամվա դադարից հետո, առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։
Ռազմական փորձագետի կարծիքով, տեղի ունեցողի նպատակը հերթական ագրեսիայի դրսևորմամբ բանակցային գործընթացի հարցում ճնշումներ բանեցնելն է։
«Հաշվի առնելով հակառակորդի այս միտումը, մեր պատասխանը պետք է լինի կտրուկ և անհամաչափ, որպեսզի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ պատրանք չստեղծվի, թե մեզ հետ հնարավոր է խոսել ուժի լեզվով»,-ասաց Դավիթ Ջամալյանը։
Ամփոփելով խոսքը, նա հայկական զինված ուժերի գործողությունները որակեց ադեկվատ, դիպուկ ու տեղին, ապա շնորհակալություն հայտնեց հրամանատարերին ու զինվորներին։
Կարծիքներ