Սարատովկայի և Քարկոփի երեխաները վաղ ուսումնառություն ստանալու հնարավորություն կունենան
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գործընկերների հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել Տաշիր խոշորացված համայնքի Սարատովկա և Շնող խոշորացված համայնքի Քարկոփ բնակավայրերում:
Այսպիսով, 0-6 տարեկան շուրջ 90 երեխա հնարավորություն կստանա իր իսկ բնակավայրում հաճախելու նախադպրոցական կրթության կենտրոն: Ավելին՝ Քարկոպ բնակավայրում Կառավարության սուբվենցիոն ծրագրի շնորհիվ առաջիկայում այլընտրանքային ծառայությունն աստիճանաբար կփոխարինվի նախադպրոցական կրթության պետական ծրագրով:
Մասնավորապես՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում վերանորոգել և կահավորել է կենտրոններին տրամադրված սենյակները, ինչպես նաև սանհանգույցները, իսկ «Քայլ առ քայլ» հիմնադրամի աջակցությամբ ընտրել և վերապատրաստել է դաստիարակներին, կենտրոնները հագեցրել կրթական նյութերով, խաղալիքներով, խաղերով:
Տեղադրվել են նաև արևային մարտկոցներ՝ կրճատելու ջեռուցման և պահպանման ծախսերը: Ծրագրի շրջանակում իրականացվել է դաստիարակների վերապատրաստում՝ հատկապես տարբեր տարիքի երեխաների հետ աշխատանքի մեթոդաբանության թեմայով: Հընթացս դաստիարակները լրացուցիչ աջակցություն և մասնագիտական ուղղորդում կստանան: Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավորություն են ստանձնել հոգալ կենտրոնների պահպանման ծախսերը՝ ներառյալ դաստիարակների աշխատավարձերը:
Ըստ ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի՝ մինչև 2030 թվականը Հայաստանի բոլոր բնակավայրերում հասանելի կլինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ, և յուրաքանչյուր ընտանիք ի վիճակի կլինի օգտվել այդ ծառայություններից. ավելին՝ դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում: Գյուղական համայնքների համար նախատեսված նախադպրոցական կենտրոնների այս այլընտրանքային մոդելը մատչելի և արդյունավետ տարբերակ է Հայաստանի ողջ տարածքում կյանքի կոչվելու համար և արդեն նախադպրոցական կրթության պետական քաղաքականության անբաժանելի մասն է կազմում՝ արտացոլվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում:
«2022 թվականի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրոպական միության աջակցությամբ հիմնադրել է 3 նոր նախակրթարան Սյունիքի մարզի Հարթաշեն, Քարաշեն և Խոզնավար համայնքներում և 2 նոր նախակրթարան՝ Լոռու մարզի Անտառամուտ և Գեղասար գյուղերում: Այսօր ևս երկու կենտրոն հիմնելով Քարկոփում և Սարատովկայում՝ երկու քայլով առաջ ենք շարժվում դեպի համընդհանուր ընդգրկվածություն: Այդուհանդերձ, հանրապետության շուրջ 229 բնակավայրերում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն դեռևս չի մատուցվում, ուստի առաջիկա տարիներին շարունակելու ենք աջակցել Կառավարությանն ինչպես գյուղական համայնքներում նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնման, այնպես էլ, ընդհանուր առմամբ, նախադպրոցական ծառայությունների շարքում վաղ տարիքի ծառայությունների զարգացման աշխատանքներում»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
Եվրամիության աջակցության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի ևս 18 փոքր գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության կենտրոններ կհիմնի:
Կարծիքներ