Ոսկե մեդալով պարգևատրվել է «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրենը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կրթության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա և անբասիր աշխատանքային գործունեության համար «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալինա Մաքսիմի Քուշկյանին պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ալինա Քուշկյանին երկարամյա աշխատանքային գործունեությամբ ոլորտի զարգացմանը նպաստելու համար. «Դուք հազարավոր ուսանողների եք կրթել, և Ձեր աշխատանքի արդյունքում որակյալ կադրերով են համալրվել բժշկական հաստատությունները, ինչը, կարծում եմ, գնահատանքի ամենակարևոր ձևն է: Ձեր աշխատանքն ուղղված է քաղաքացիների առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը, որն անհնար է թերագնահատել»:
Նախարարը հույս է հայտնել, որ Ալինա Քուշկյանն իր փորձառությունը կշարունակի ծառայեցնել՝ ի նպաստ ոլորտի զարգացման:
«Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրեն Ալինա Քուշկյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և նշել, որ բացի մասնագիտական հմտություններից՝ առաջնային է եղել ուսանողներին փոխանցել այնպիսի որակներ, ինչպիսիք են՝ բարությունը, աշխատասիրությունն ու գթասիրտությունը, որոնք ևս շատ կարևոր են բժշկության ոլորտում:
«Պետության գնահատանքն անչափ ոգևորիչ է. այն դրդում է առաջ շարժվել: Մոտ ապագայում պատրաստվում ենք կյանքի կոչել այլ ծրագրեր ևս, որոնք համապատասխանում են ժամանակի պահանջներին»,- ասել է Ալինա Քուշկյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է գերատեսչության պատրաստակամությունն այնպիսի համագործակցության շուրջ, որը կծառայի կրթության ոլորտի բարելավմանը:
Կարծիքներ