Ներքին Գետաշենում խոշոր ծրագրեր են իրականացվում
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց: Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանից։
Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Ներքին Գետաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 257 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 154 միլիոն 200 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 102 միլիոն 800 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը:
Ներքին Գետաշենի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 98 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 68 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 29 միլիոն 400 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Ներքին Գետաշենի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 40 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 26 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 14 միլիոն դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը:
Ներքին Գետաշեն համայնքի ղեկավար Կարո Գևորգյանի հավաստմամբ՝ առաջին երկու ծրագրերի շինաշխատանքների մրցույթը հայտարարված է, իսկ լուսավորության ցանցի կառուցման մրցույթը կհայտարարվի առաջիկայում: Բոլոր ծրագրերը կավարտվեն այս տարվա ընթացքում:
«Համայնքի համար կենսական նշանակության և մեծածավալ ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքում բարելավվում են համայնքի բնակչության կենսապայմանները, զարգանում են ենթակառուցվածքները, կառուցապատվում ու բարեկարգվում ներհամայնքային փողոցները: Այս տարի կասֆալտապատենք երկրորդական նշանակության 12 փողոց՝ 4566 գծամետր ընդհանուր երկարությամբ: Ոռոգման ներքին ցանցը կկառուցվի 4,5 կիլոմետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով, անցումներում՝ երկաթյա խողովակներով: Համակարգը անխափան կսպասարկի շուրջ 12 թաղամասերի տնտեսությունների տնամերձերի ոռոգման ջրամատակարարումը: Լուսավորության ցանցը կկառուցվի ծայրամասային թաղամասերում, որով և գրեթե ամբողջությամբ կլուսավորվի Ներքին Գետաշենը՝ Գեղարքունիքի մարզի ամենախոշոր գյուղական համայնքը: Լուսավորության ցանցը կկառուցվի շուրջ 7 կիլոմետր երկարությամբ: Կտեղադրվի 250 լուսատու»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Կարծիքներ