Ապաստարանում քնած տավուշցի աղջնակի նկարը դարձել է տավուշցիների ոգու ամրության խորհրդանիշը
Այսօր համացանցում մեծ տարածում գտավ մի լուսանկար, որում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից մեկում ապրող փոքրիկը հենված քնել էր ապաստարանում:
Լուսանկարը հրապարակվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի թվիթերյան միկրոբլոգում հետեւյալ գրառմամբ:
«Այս սրտառուչ լուսանկարն արվել է այսօր Տավուշում: Փոքրիկը քնած է ապաստարանում, քանի որ հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակչությանը»:
Նշենք, որ լուսանկարի հեղինակը Նարեկ Ադամյանն է: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ բազմաթիվ զանգեր է ստանում փոքրիկին օգնելու վերաբերյալ, սակայն ապաստարանը սահմանամերձ գոտիներում նորմալ, բնական երևույթ է, իսկ երեխայի հարազատները փոխանցեցին, որ անհանգստանալու կարիք չկա:
«Սիրելի հայրենակիցներ, քանի որ ստանում եմ բազմաթիվ զանգեր և արձագանքներ՝ Տավուշ գյուղի ապաստարաններից մեկում քնած երեխային օգնություն ցույց տալու պատրաստակամության վերաբերյալ, ցանկանում եմ նշել, որ ապաստարանը սահմանամերձ գոտիներում նորմալ, բնական երևույթ է, իսկ երեխայի հարազատները փոխանցեցին, որ անհանգստանալու կարիք չկա։ Տավուշցիները խրոխտ ժողովուրդ են, չափից շատ ուշադրությունը կարող է խոցել նրանց ինքնասիրությունը»,- գրել է նա:
Նշենք, որ վերջին օրերին հրետակոծվում են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, այսօր հրետակոծության հետեւանքով վիրավորվել է Չինարիի բնակիչը:
Ադրբեջանական ստորաբաժանումները սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կիրառում են ականանետ և Դ-30 հաուբից:
Ադրբեջանի կողմից Հայկական խաղաղ բնակավայրերը թիրախավորելու փաստերով 13 քրեական գործ է հարուցվել։
Կարծիքներ